Կոչե´նք ապրողաց` պահանջելու ու տեր կանգնելու Հայ դատի արդարացի լուծմանը

2015թ-ի նոյեմբերի 24-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Կոչեմ ապրողաց» հիշատակի միջոցառումը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հիշատակի և ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Ծովիկ Պայթարյանի ողջույնի խոսքով: Տիկին Պայթարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության ավյունն ու ներուժը համադրվելով՝ այս միջոցառմամբ ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության անմեղ նահատակներին, վերարմատավորելով՝ վերիմաստավորելու են պահանջը հայոց: Եվ որպես խորհուրդ՝ տիկին Ծ. Պայթարյանը ցանկացավ, որ հայ ժողովրդի ամեն մի զավակ ապրի իր ու մեկ միլլիոն ու կես նահատակների փոխարեն՝ երկակի հավատով զինված, երկակի զորությամբ օժտված, իր համամարդկային արժեքներով ծառայի` ի փառս հայրենաց և ապրի ազատ, անկախ, միացյալ Հայրենիքի տեսլականով:

«Կոչեմ ապրողաց» միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկան սիրիահայ արվեստագետներ Պերճ Քարազյանը, Արսեն Գրիգորյանը, Պողոս Բեյազբեկյանը, Ցոլեր Կարագուլյանը, ԱՀԹ «Օվսաննա» երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Շահե Քեշիշյան), Հակոբ Ֆակջյանը, Անի Մոմճյանը: Արվեստագետների կատարումներին զուգահեռ ցուցադրվեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից պատրաստված «Դեյր Զոր» ֆիլմից հատվածներ, որոնք ներկայացրեցին 102 – ամյա Ներսես Այվազյանի ընտանիքը, որտեղ պապը թոռներին պատմում էր Էրգրից բերած լուսանկարների պատմությունը և ասում. «Հայաստան պիտի գնամ»: Ֆիլմի կադրերը ցուցադրեցին Սրբոց Նահատակաց եկեղեցին, Եփրատը՝  իր ծով հիշողությամբ, Դեյր Զորի անապատում խաղացող հայ մանուկներին: Իսկ կադրերում հնչող Աբրահամ Գասպարյանի խրոխտ ձայնն ավելի պատկերավոր դարձրեց պատկերները:

Հիշատակի միջոցառումն ավարտվեց Արսեն Գրիգորյանի «Արծիվ սլացիր» կատարմամբ՝ որպես հայ ժողովրդի միասնության, բռունցքված կամքի և միացյալ Հայրենիքի առհավատչյա:

Միջոցառմանը մասնակցում էին կառավարության և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական կազմակերպությունների անդամներ, տեղաբնակներ և սփյուռքահայեր:

Միջոցառման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ընթերցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշված էր. «Շնորհակալ ենք Ձեզ, որ, չնայած բազմաթիվ արհավիրքներին, շարունակում եք ստեղծագործել՝ պահպանելով սիրիահայ մշակույթի լավագույն ավանդույթները, շարունակում եք ապրել ու արարել՝ հարստացնելով և զարգացնելով հայկական մշակույթը: Օսմանյան Թուրքիայում նախապես ծրագրված և պետական մակարդակով կազմակերպված կոտորածի հետևանքով ցեղասպանվեց և հայրենազրկվեց մի ամբողջ ժողովուրդ: Ազգի մի ստվար հատված դարձավ աշխարհասփյուռ: Դեյր Զորի ճանապարհով Սիրիա հասած մեր հայրենակիցները չընկրկեցին, չհաձնվեցին, այլ հառնեցին ինչպես փյունիկ` ապացուցելով, որ ոչ մի եղերագործություն չի կարող ընկճել Հայի կենսասեր ոգին»:

Ֆ. Զաքարյանը նշեց, որ հայ ժողովուրդը մշտապես անսահման երախտագիտությամբ է հիշելու արաբ ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը: «Պատմության խաղացած հերթական չար կատակի հետևանքով սիրիահայությունը կրկին բռնեց գաղթի ճամփան, սակայն այս անգամ արդեն այդ ճանապարհը բերեց Մայր հայրենիք՝ մեկ անգամ ևս հաստատելով ապրելու ու արարելու մեր դարավոր ձգտումն ու իրավունքը»:

«ՀԱԼէՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը խորին երախտագիտություն է հայտնում Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարությանը՝ ի դեմս նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի, որ զորավիգ կանգնելով «ՀԱԼէՊ» կազմակերպությանը՝ օժանդակեց «Կոչեմ ապրողաց» հիշատակի և ոգեկոչման միջոցառման կյանքի կոչմանը:

Ինչպես նաև շնորհակալություն է հայտնում միջոցառման պատշաճ կազմակերպմանն իրենց մեծ ներդրումն ունեցած անձանց, երգիչ կատարողներին, որ ժամանակ չխնայելով՝ նպաստեցին միջոցառման իրականացմանը:

«ՀԱԼէՊ» ՀԲՀԿ-ի և Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված այս միջոցառումն այն հարյուր կոչնակներից մեկն էր, որոնք զարկեցին այս տարի, որոնք գոչեցին համայն աշխարհին, որ Հայոց հարցը պատասխան պետք ունի:

Կոչե´նք ապրողաց` հիշելու, պահանջելու ու տեր կանգնելու Հայ դատի արդարացի լուծմանը՝ վասն միացյալ Հայրենիքի և արդարության:

3 4 2 6 7 8

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image