Տեղի ունեցավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևմտահայերենը Հայաստանում. մարտահրավերներ, հեռանկարներ» խորագրով համաժողովը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության երիտասարդաց խորհուրդը Կրթության և գիտության նախարարության և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ ս/թ. նոյեմբերի 26-ին կազմակերպեց «Արևմտահայերենը Հայաստանում. մարտահրավերներ, հեռանկարներ» խորագրով համաժողովը:

Համաժողովի նպատակն էր լուծումներ գտնել արևմտահայերենի պահպանման և զարգացման խնդիրների շուրջ Հայաստանում:

Համաժողովի բացումը տրվեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանի ողջույնի խոսքով: Տիկին Բալխյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին սիրիահայության՝ արևմտահայ մշակույթը կրողների տեղափոխությամբ Հայրենիք, ստեղծվել է արևմտահայերենի զորեղացմանը Հայաստանում նպաստող առարկայական հարթակ: Վերջինս ստիպում է օր առաջ ուղղորդված քայլեր ձեռնարկել աշխարհի վտանգված լեզուներից մեկը համարվող արևմտահայերենի պահպանման, տարածման և գործածման համար: Եվ այս համաժողովը որպես առաջին քայլ ուղղված է Հայաստանը արևմտահայերենի լեզվական հայրենիքը դարձնելուն և Հայաստանում Կիպրոսի Մելքոնյան վարժարանի օրինակով արևմտահայերենով ամենօրյա դպրոց հիմնելուն, որը կդառնա կրթական օջախ Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայության համար, ինչպես նաև կոգևորի և ուսման նպատակով Հայրենիքի գիրկը կվերադարձնի սփյուռքահայ երիտասարդությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցնեց ԿԳՆ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը՝ հայտնելով, որ արևմտահայերենի տեղն ու դերը զգալիորեն փոխվել է սիրիահայության հաստատմամբ Հայրենիքում: Եվ այլևս լեզվական հարցը դիտվում է որպես ինքնուրույն, ազգային ինքնության հետ չնույնացվող խնդիր, որը պահանջում է գործնական քայլեր, դպրոցներում արևմտահայերենի ուսուցում: ԿԳՆ նախարարությունը ողջունում և շնորհավորում է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի այս նախաձեռնությունը, որն արդյունավետ հարթակ կարող է դառնալ արևմտահայերենի կարծիքների փոխանակման և նոր հարցադրումների համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը՝ կարևորելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի նախաձեռնությունը և ևս մեկ անգամ ՀԲԸՄ Հայաստանի աջակցությունը հայտնելով համաժողովի կազմակերպմանը:

Երկու նիստից բաղկացած համաժողովին զեկույցներով հանդես եկան անվանի լեզվագետներ, հայագետներ, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պատմական գիտությունների դոկտոր, արևմտահայերենի ուսուցիչ Հակոբ Չոլաքյանը ներկայացրեց արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման հարցերը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը ներկայացրեց արևմտահայերենը Հայաստանի գիտահետազոտական դաշտում,  բանասեր Միհրան Մինասյանը և Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար Պետրոս Դեմիրճյանը խոսեցին արևմտահայերենի դերի մասին Հայաստանի գրահրատարակչական դաշտում, բանասեր Անի Զեյթունցյանը և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ուսանող Ավետիս Ափոշյանը ներկայացրեցին հայոց լեզվի ճյուղավորումը, Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք»  գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր, բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Դանիելյանը խոսեց արևմտահայերենի դերի մասին Հայաստանի կրթական համակարգում, բանաստեղծ, հրապարակախոս, «Արևելք» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Սաքո Արյանը խոսեց արևմտահայերենի դերի մասին լրատվական դաշտում, իսկ արևմտահայերենի դերի մասին Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի բնագավառներում ներկայացրեց Վագո Արմենոն:

Համաժողովի ընթացքում ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս, գիությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը ներկայացրեց արևմտահայերենի դասավանդումը Երևանի պետական համալսարանում, արևմտահայերենը Հայաստանի ամերիկյան համալսարանի Հայ մատենագրութեան թուանշային գրադարանում ներկայացրեց թուանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը, արևմտահայերենի համացանցային ուսուցումը ՀԲԸՄ-ի համացանցային համալսարանի ծրագրով ներկայացրեց Զեփյուռ Ղպլիկյան Թամերյանը և վիքիպեդիա ազատ հանրագիտարանի արևմտահայերենի բաժինը ներկայացրեց Ազնիվ Ստեփանյանը:

Համաժողովի նիստերը վարեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի անդամներ Տիգրան Գափոյանը և Ավետիս Ափոշյանը՝ հնարավորություն ընձեռելով համաժողովի մասնակիցներին հարցեր ուղղելու զեկուցողներին և արտահայտելու կարծիքներ ու առաջարկություններ բարձրացված հարցերի շուրջ:

Համաժողովի ավարտին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի ներկայացուցիչ, բանասեր Անի Զեյթունցյանը ներկայացրեց համաժողովի ընթացքում վեր հանված խնդիրների և հնչած առաջարկությունների հիման վրա կազմված բանաձև, որում մասնավորապես առաջարկվում է արևմտահայերենի ուսուցումը ներառել հանրակրթական ուսումնական հաստատությունների ծրագրերում, բարձրագույն հաստատություններում խրախուսել արևմտահայերենով թեզերի ընդունումը: Արևմտահայերենի գործածումը դյուրացնելու նպատակով զարկ տալ առցանց գործիքների ստեղծմանը, ներառյալ՝ սրբագրիչը: Արևմտահայերենի պահպանմանը, գործածմանը և տարածմանը նպաստող համաժողովների կազմակերպումը դարձնել պարբերական:

Բանաձևում որպես համաժողովի կազմակերպիչ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու հայաստանյան համապատասխան պետական և մասնավոր կառույցների հետ՝ ի նպաստ արևմտահայերենի պահպանման և գործածման Հայաստանում:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Արևմտահայերենը Հայաստանում. մարտահրավերներ, հեռանկարներ» խորագրով համաժողովն իր շուրջը համախմբելով արևմտահայերենի խնդիրներով հետաքրքրված և իրենց կյանքի ուղին արևմտահայերենի պահպանմանն ու գործածմանը նվիրած անձանց՝ դարձավ հարթակ արդյունավետ քննարկումների, առաջարկությունների և լուծումներ գտնելու համար:

1-2 2-1 3 4-10 5-7 6-1 7-1 8-3 9-1 10-2 11-3 12-1 13-1 13-3 13-4 14-2 15-5 16-2 17-6 18-2 19-6 20-1 khosink-23 khosink-127 khosink-359  khosink-804

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image