«Ալեպպօ Քուիզին» կենտրոն. սիրիահայերի համար նոր աշխատավայրի առաջին նախաբացումը

2018 թ-ի փետրվարի 7-ին տեղի ունեցավ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի առաջին նախաբացումը։

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնի տարածքի ձեռքբերումը հնարավոր դարձավ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սուրբ Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդի՝ հանձին խորհուրդի ատենապետ պրն. Վրեժ Քոլանճյանի ազգանվեր գործունեության, ինչպես նաև Տեր և Տիկին Օսթերպաուր-Դանիելյանների նյութական օժանդակության շնորհիվ:

Առաջին նախաբացման արարողության պատվավոր հյուրերն էին Տեր և Տիկին Վրեժ և Քրիստին Քոլանճյանները և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի խորհուրդի անդամներ, հայ ժողովրդի բարեկամներ Ժան-Ֆրանսուա Դյուշոզալը և Միշել Ժնուը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը և բարերար Վրեժ Քոլանճյանը միասին կտրելով կարմիր ժապավենը՝ ազդարարեցին «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի նախաբացումը:

Այնուհետև հաջորդեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանի ողջույնի և երախտիքի խոսքը: Իր խոսքում տկն. Բալխյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց պրն. Քոլանճյանին, նշելով, որ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համար մեծ պատիվ է իր կողքին ունենալ նման ազգասեր և հայրենակիցների բարօրությունն ամեն ինչից վեր դասող հայորդու:

«Ալեպպօ Քուիզին»-ի այս գաղափարը եւ Հայաստան ապաստանած Սուրիահայ համայնքին աշխատանքով ապահովելու անհրաժեշտութեան գիտակցութիւնը այնքան մեծ եղաւ Պրն. Քոլանճեանի եւ Ս. Գէորգ եկեղեցուոյ թաղական խորհուրդի անդամներուն մօտ, որ անոնք անմիջապէս գործի լծուելով կազմակերպեցին հանգանակութիւններ եւ անհատ բարերարներու նիւթական աջակցութեամբ գոյացած գումարը տրամադրելով Հալէպ կազմակերպութեան հնարաւորութիւն ընձեռեցին կազմակերպութեանս շուտով ձեռք բերել եւ սեփականացնել «Ալեպպօ Քուիզին»-ի այս տարածքը 2017-ի Յունիսի 30-ին: Լիայոյս ենք, որ մեր բոլորին հոգածութեան կեդրոն հանդիսացող այս նորաբաց «Ալեպպօ Քուիզին»-ը կ’ունենայ յաջող ընթացք, կը ծառայէ իր առաքելութեանը եւ կը նպաստէ Հայաստանի մէջ գտնուող Սուրիահայերու բարեկեցիկ ապագայ կառուցելու գործին», – նշեց տկն. Բալխյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև բարերար պրն. Քոլանճյանը: Եվս մեկ անգամ աջակցություն հայտնելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի աշխատանքներին՝ նա կարևորեց «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի նախաձեռնությունը:

«Ոչ թե ձուկ տալ, այլ սովորեցնել ձուկ բռնել: Այս կարևոր գաղափարախոսությունն է իր մեջ կրում «Ալեպպo Քուիզին» կենտրոնը: Այն ստեղծելով աշխատատեղեր սիրիահայերի, մասնավորապես սիրիահայ կանանց համար՝ օգնելու է նրանց թոթափել առօրյա հոգսերը, ինչպես նաև խթանելու է նրանց տնտեսական զարգացմանը Հայաստանում», – նշեց պրն. Քոլանճեանը:

Միջոցառմանը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Հայասա Թահմազյանը հյուրերին համապարփակ տեղեկատվություն տրամադրեց կազմակերպության գործունեության մասին: Իսկ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը հյուրերի ուշադրությունը մասնավորապես հրավիրեց «Ալեպպօ Քուիզին» կենտրոն ծրագրին: Անդրադարձ կատարելով ծրագրի մշակման ու կյանքի կոչման փուլերին՝  պրն. Բալխյանը ներկայացրեց ծրագրի գլխավոր առանձնահատկությունները, ինչպիսիք են խոհանոցի գործունեությունից գոյացած շահույթի ուղղումը սիրիական հակամարտության հետևանքով փախստական դարձած և Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելը և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելը,  ծրագրի ընդլայնման նոր հնարավորությունները, աշխատողների ավելի ճկուն աշխատաժամանակով աշխատելու հնարավորությունը, խոհանոցի հարուստ ճաշացանկը և այլն: Ներկայացվեց նաև Գերմանիայի Միջազգային Համագործակցություն Ընկերության կողմից տրամադրված աջակցությունը, որի շնորհիվ խոհանոցը զինվել է անհրաժեշտ խոհանոցային տեխնիկայով, իսկ նոր ձևավորված աշխատակազմը՝ համապատասխան գիտելիքներով և հմտություններով:

Նախաբացման արարողությանը ներկա էր նաև Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարգև քահանա Պալգևորգյանը, ով իր օրհնությունը բերելով նոր մեկնարկող ծրագրին՝ նշեց. «Ես վստահ եմ, որ նման ծրագիրի նախաձեռնությունն առաջին քայլն է դեպի փայլուն ապագան: Սիրիական հակամարտության հետևանքով փախստական դարձած և Հայաստանում ապաստանած սիրիահայերը փորձում են այստեղ ևս իրենց ընտանեկան բույնը պահել: Այս կենտրոնը իրենց աշխատանքը սիրող սիրիահայ տիկնանց հնարավորություն է տալու իրենց ներդրումն ունենալ՝ հոգին և շունչը աշխատանքի մեջ ներդնելով»:

Պաշտոնական մասի ավարտից հետո բարերաները հանդիսավոր կերպով կտրեցին խորհրդանշական տորթը:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը, որի գործունեությունն ամբողջովին ուղղված է Հայաստանում ապաստանած սիրիահայ համայնքի խնդիրների վերհանմանն ու համապատասխան լուծումներ գտնելուն՝ 2017 թվականից իր աշխատանքներն ուղղել է Հայաստանում սիրիահայերի զբաղվածության խնդրի լուծմանը՝ նախաձեռնելով և մեկնարկ տալով «Ալեպպo Քուիզին» կենտրոն սոցիալական ծրագրին։

Նկատի ունենալով սիրիահայերի, մասնավորապես սիրիահայ կանանց շրջանում առկա գործազրկության բարձր մակարդակը և հաշվի առնելով նրանց հիմնական կարողություններից խոհարարական հմտությունների տիրապետումը՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հիմնում է «Ալեպպօ Քուիզին» կենտրոնը, որը նպատակ ունի աշխատատեղեր ստեղծել սիրիահայ կանանց համար և նպաստել Հայաստանում նրանց տնտեսական ու սոցիալական զարգացմանը:

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնի հիմնումը նպատակ ունի նաև խթանել հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավումը քաղաքացիական կյանքում:

Ծրագրի շահառուներն են գործազուրկ սիրիահայերը, հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերը։

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնի ստեղծումը կարևորում է այն գաղափարը, որ խոհանոցի գործունեությունից գոյացած շահույթը ծառայելու է սիրիական հակամարտության հետևանքով փախստական դարձած և Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

             

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image