Ես իմ հեծանիվը թաքցրել եմ նկուղում, որպեսզի թուրքերը չկարողանան գողանալ այն…

2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր, Անկարայի հավակնոտ սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը, Սիրիական ազգային բանակի մի քանի խմբերից  բաղկացած և իսրայելական զենքով «հագեցած» վարձկանների աջակցությամբ, սկսեցին նոր ցեղասպանական արշավ ընդդեմ հայերի, այս անգամ, Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղ):

Թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքերի և այլ օրինական ու ապօրինի զենքի միջոցով, Ադրբեջանը համակարգված կերպով թիրախավորում է խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին` բարոյազրկելու առաջնագծում կռվող հայկական ուժերին` «զբաղեցնելով» նրանց մտքերը նրանց ընտանիքի բարեկեցության մասին:

Հակամարտության միայն առաջին 21 օրերին Ադրբեջանի ռազմական գարծողությունների արդյունքում Հադրութ քաղաքում սպանվեց առնվազն 37 խաղաղ բնակիչ, այդ թվում, հաշմանդամ և անզեն տղամարդ՝  մոր հետ,  վիրավորվեց ավելի քան 115 անձ: Ավելին, Ադրբեջանի համակարգված հարձակումները վնասել կամ ոչնչացրել են ավելի քան 7,500 մասնավոր սեփականություն և ավելի քան 1000 քաղաքացիական օբյեկտ:

Մինչդեռ աշխարհի ամեն անկյունում գտնվող հայ նստած է իր հեռուստացույցի, համակարգչի կամ սմարթֆոնի առջև՝ փորձելով հնարավորինս հետևել հակամարտության զարգացումներին և սգալով մինչ այժմ զոհված 900-ից ավելի հայ զինվորներից յուրաքանչյուրի կորուստը (2020 թ. հոկտեմբերի 22-ի դրությամբ), Հայաստանում հումանիտար ճգնաժամ է հասունանում, որը պահանջում է անհապաղ արձագանք. Արցախից տեղահանված և մարդասիրական հրատապ օգնության կարիք ունեցող ավելի քան 20,000 հայերի խնդիրը:

Երեք օր առաջ ես հանդիպեցի այն ընտանիքներից մեկին, ովքեր տեղահանվել էին Հադրութից (գրելու պահին ադրբեջանական վարձկան ուժերի հսկողության տակ է) և տեղափոխվել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Հյուրընկալէ  ընտանիք մը» ծրագրի տներից մեկը՝ կիսելով բնակարանը մի սիրիահայի հետ:

Ավագ Նիկոլայը պառկած էր բազմոցին՝ շրջապատված իր երեք թոռներով, երբ ես մտա բնակարան: Նրա կինը նստած էր Նիկոլայի գլխաետևում, մինչ հարսը բացում էր հագուստի պայուսակները, որոնք հասցրել էին վերցնել Հադրութից Երևան փախչելիս:

Տեսնելով, որ ես բնակարան եմ մտնում, Նիկոլայը վեր կացավ՝ ողջունելու ինձ, մինչդեռ Արամը (7 տարեկան) և Անին (5 տարեկան) ընդունեցին ավելի պաշտպանողական կեցվածք՝ թաքնվելով իրենց մոր և պապի ետևում:

Քանի որ ես չունեմ դեմքի  բարեկամական դիմագծեր և հայեցի դեմք, երեխաներից շատերը վախենում են, երբ տեսնում են ճաղատ գլուխս և երկար մորուքս, ուստի, նրանց արձագանքը սպասելի էր:

Բայց կրտսեր Նիկոլայը (2 տարեկան) համարձակ էր. նա վազեց դեպի ինձ՝ տեսնելու, թե ինչ կա ձեռքիս պայուսակների մեջ:

Պայուսակները հատակին դնելուց հետո՝ ես ներկայացա պարոն Նիկոլայ ավագին և նրա ընտանիքին, նստեցի և վառեցի ծխախոտս, մինչդեռ կրտսեր Նիկոլայը սկսել էր բացել այն ուտելիքը (որոնք պատրաստել էին Ալեպպո Քուիզին կենտրոնի սիրիահայ տիկնայք), որ բերել էի իր ընտանիքի համար:

Մի փոքր ներկայացնելուց հետո «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և «Հյուրընկալէ ընտանիք մը»  բնակարանային ծրագրի մասին , որը մեկնարկել է 2015 թ. սիրիահայ խոցելի ընտանիքների բնակարանային խնդրին լուծում տալու համար, և տեղեկացնելով, որ այժմ դիմում ենք սիրիահայ մեր շահառու ընտանիքներին, որպեսզի իրենց տներում լրացուցիչ տեղ ստեղծեն Արցախից տեղահանված իրենց եղբայրների և քույրերի համար, ես հարցրեցի պարոն Նիկոլային, թե արդյոք նա լուր ունի իր որդուց, ով առաջնագծում է և պաշտպանում է հայրենիքը՝ թուրքերի ներխուժումից:

«Արդեն մեկ օր է, որ նրանից լուր չունենք, – ասաց Նիկոլայ ավագը, – նա ինձ երեք օր առաջ բերեց Երևան և վերադարձավ կռվելու»:

Մայրը, հարսը և երեխաները թողեցին Հադրութը՝ Արցախում շարունակվող հակամարտության առաջին օրը`սեպտեմբերի 27-ին՝ Հադրութի դեմ առաջին հրթիռակոծությունից հետո: Սկզբում նրանք ապրում էին իրենց ազգականի տանը, իսկ այժմ, երբ  շատ հարազատներ փախչել են Հադրութից, նրանց երևանաբնակ բարեկամը ազատ տեղ չուներ Նիկոլայի ընտանիքի համար:

Նիկոլայի և նրա ընտանիքի հետ մի շարք հարց ու պատասխան փոխանակելուց հետո, որի ընթացքում ես նրանց բացատրեցի, որ սիրիացի վարձկանները, ովքեր ներխուժում էին Արցախ, նույնպես դաժանություններ և ռազմական հանցագործություններ են գործել Սիրիայում հայերի, քրդերի և արաբների նկատմամբ, ես նրանց հավաստիացրեցի, որ ողջունում են նրանց գալը, և որ նրանք կարող են մնալ այս փոքրիկ երկու սենյականոց՝ «Հյուրընկալէ ընտանիք մը»-ի բնակարանում:

«Հուսով եմ, որ կկարողանաք որքան հնարավոր է շուտ տուն վերադառնալ», – ասացի ես: «Բայց իմացեք, որ այստեղ կարող եք մնալ այնքան ժամանակ, որքան ձեզ հարկավոր է: Մենք կտրամադրենք սնունդ և մնացած ամեն ինչ, որքան անհրաժեշտ է»:

Քսան րոպե անց ես հասկացա, որ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրասենյակից ինձ հետ տիկնիկ եմ բերել` իմանալով, որ ընտանիքը փոքրիկ աղջիկ ունի. հանեցի տիկնիկն ու հանձնեցի Անիին, ապա, շրջվեցի դեպի Արամը և հարցրեցի. «Դու խաղու՞մ ես ֆուտբոլ»:

Սկզբում Արամը չէր ցանկանում պատասխանել իմ հարցին, ուստի Նիկոլայ Ավագը ոտքի կանգնեց և ասաց. «Իհարկե, նա խաղում է ֆոտբոլ: Նա նաև սիրում է հեծանիվ վարել, դրա համար մենք նրան հեծանիվ գնեցինք »:

Քաջալերվելով իր պապի պատասխանից՝ Արամը հավելեց. «Ես իմ հեծանիվը թաքցրի մեր տան նկուղում, որպեսզի թուրքերը չկարողանան գողանալ»:

Մտքում վերլուծելուց հետո այն, ինչ լսեցի 7-ամյա Արամից, պատասխանեցի. «Եթե դուք շուտ չվերադառնաք տուն, մենք քեզ համար մեկ այլ հեծանիվ կգնենք»:

Նիկոլայի ընտանիքը տուն ուներ Հադրութի Դրախտ գյուղում, որտեղ ապրում էին 400 հայեր, ըստ Նիկոլայի: Անկախ միջազգային վերլուծաբանների արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ալիևի վարձկանները 2020 թ. հոկտեմբերի 20-ից վերահսկում են Հադրութը:

 «Մենք սկսեցինք վերանորոգել մեր տունը, երբ սկսվեց այս պատերազմը», – ասաց Նիկոլայի կինը: «Մենք անընդհատ կառուցում ենք, իսկ նրանք [թուրքերը]՝ անընդհատ ոչնչացնում»:

Նրանց որդին վերջերս վարկ էր վերցրել իրենց տունը վերանորոգելու համար, որը կտրուկ դադարեցվել էր ներկայիս հակամարտության պատճառով:

«Մեր տունը գոմ ուներ: Փախուստից անմիջապես առաջ մենք բոլոր կենդանիներին բաց թողեցինք, քանի որ գիտեինք, որ չենք կարող վերադառնալ, երբ ուզենք », – ասաց զրույցի մեջ մտած հարսը` բոլորի համար սուրճ պատրաստելուց հետո: «Հուսով եմ, որ մեր շունը դեռ կենդանի է»:

Մեր հանդիպումից մոտավորապես մեկուկես ժամ անց Նիկոլայի հեռախոսին զանգ եկավ: Նրա որդին էր, ով զանգահարում էր Արցախի առաջնագծից: Չնայած նրանց զրույցը վերծանելու իմ առավելագույն ջանքերին, ես հասկանում էի 10% -ից ավելի քիչ, քանի որ նրանք խոսում էին կես ռուսերեն և կես հադրութական բարբառով, բայց ի վերջո Նիկոլայը հեռախոսը մեկնեց ինձ և ասաց. «Իմ որդին ուզում է խոսել քեզ հետ»:

Ես զարմացա, բայց ոգևորված էի խոսելու առաջնագծում մեր հերոսներից մեկի հետ. վերցրի հեռախոսը և ասացի. «Ողջույն, ձեզ հետ Սարգիսն է խոսում»:

«Ողջույն Սարգիս, ես պարզապես ուզում էի շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին օգնելու համար», – ասաց 33-ամյա հայ հերոսը Դրախտ գյուղից, ով պաշտպանում է Արցախը և կյանքի պայքար մղում՝ հայ ազգի գոյատևման համար:

«Դուք պարզապես ապահով եղեք և հոգ տարեք առաջնագծում գտնվող ձեր և ձեր եղբայրների մասին», – պատասխանեցի ես: «Խնդրում եմ, մի անհանգստացեք ձեր ընտանիքի համար, քանի որ խոստանում եմ ձեզ, որ հոգ կտանենք նրանց մասին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, մինչև դուք գաք Երևան՝ նրանց ետ տանելու ձեր տուն Հադրութ»:

Որպես 33-ամյա տղամարդ ՝ նախորդող 27 օրերի ընթացքում 1 վայրկյան անգամ չի եղել, որ չտամ ինձ այս հարցը. Ի՞նչ ես դու  անում Երևանում, երբ կարող էիր լինել առաջնագծում ՝ պաշտպանելու քո հայրենիքը:

Բոլորը, ում հետ քննարկել եմ այս հարցը, ինձ ասացին, որ ես ավելի օգտակար եմ համակարգչի էկրանի մոտ, քան առաջնագծում, հատկապես, հաշվի առնելով իմ գոյություն չունեցող ռազմական փորձը և հսկայական մեծ փորձս՝ այլ ոլորտներում: Չնայած գուցե ճիշտ են. այն միտքը, որ 18 տարեկան կամ նույնիսկ 60 տարեկան հայերը ընկնում են՝ ի պաշտպանություն մեր ազգի, երբ ես նստում եմ երևանյան մի բնակարանում՝ այս պատմությունը գրելու կամ այլ գործերով զբաղվելու համար, հոգեբանորեն թուլացնում է:

Ինչու՞ ես պետք է քնեմ իմ անկողնում արդեն 27 օր, երբ 18 տարեկան հերոսները, ովքեր ունեն ավելի հնարամիտ ու կայացած ներուժ, քան ես, որ 33 տարեկան եմ, քնում են անձրևից, քրտինքից և արյունից թրջված գետնին:

Ինչու՞ պետք է արթնանամ իմ տան հարմարավետության պայմաններում, երբ երեխաներ, կանայք, ծնողներ թողած 50-ամյա հերոսները անընդհատ արթնանում են ռումբերի ձայներից կամ ընդհանրապես չեն արթնանում, որովհետև մեր թշնամին վախկոտ է. օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, ներառյալ «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքերը՝ թիրախավորում են խաղաղ բնակիչներին և ռազմիկներին, քանի որ գիտեն, որ չե՞ն կարող հաղթել հայերին սովորական պատերազմում:

«Ես սրտի հիվանդություն ունեմ», – ասաց Նիկոլայը: «Հակառակ դեպքում ես կմնայի և կպայքարեի որդուս կողքին ՝ պաշտպանելու մեր հողերը»:

– Պարոն Նիկոլայ, – ասացի ես: «Ես ձեզ խոստանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը՝ տղամարդ, կին, ծեր և երեխա, կպայքարենք ի պաշտպանություն մեր հայրենիքի և մեր ազգի, եթե դա այն է, ինչը պետք է հաղթանակի համար: Մենք այլ տարբերակ չունենք»:

Մենք այլ ելք չունենք, քան պայքարել, քանի որ սովորել ենք մեր սեփական պատմության դասերը: Մենք այլ ելք չունենք, քան պայքարել, քանի որ մենք պայքարում ենք համոզվելու համար, որ «Այլևս երբեք»-ը իրականություն չդառնա: Մենք այլ ելք չունենք, քան պայքարել, քանի որ մենք՝ հայերս, հրաժարվում ենք երկրորդ ցեղասպանության զոհը դառնալ նույն ցեղասպանությունն իրականացնողներից՝ թուրքերից:

Ո´չ, չի լինի հայերի հերթական ցեղասպանությունը ո´չ Արցախում, ո´չ էլ Հայաստանում: Եվս մեկ ցեղասպանություն չի լինի ոչ այն պատճառով, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանը, Չինաստանը կամ որևէ այլ երկիր պատրաստվում են կատարել իրենց խոստումը ՝ «Պաշտպանելու պատասխանատվությունը» (R2P), բայց որովհետև մենք պայքարելու ենք մինչև արյան վերջին կաթիլը:

Բայց քանի դեռ չի թափվել մեր արյան վերջին կաթիլը, հայերը պետք է հավաքականորեն խոստանան հոգ տանել առաջնագծում կռվող մեր հերոսների ընտանիքների մասին, քանի որ անկախ նրանից, թե որքան հերոս են և որքան դիմացկուն, նրանք չեն կարող հաղթել (մենք չենք կարող հաղթել), եթե չգիտեն, որ իրենց ընտանիքը և սիրելին գտնվում են իր հայրենակիցների հոգածության ներքո:

Նիկոլայի որդին առաջնագծում մեր հերոսներից է: Նիկոլայ կրտսերը (2 տարեկան) ակնհայտորեն հերոս է. նա չայլայլվեց իմ «սարսափելի» հայացքից, երբ ես մտա բնակարան: Բայց հենց հիմա, մենք բոլորս պետք է շարժվենք որպես մարդասիրական հերոսներ և աջակցենք ոչ միայն մեր զոհված հերոսների, այլ ողջերի ընտանիքներին, հակառակ դեպքում, մենք որպես ազգ կձախողվենք:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն սնունդ է մատակարարել Երևանում ավելի քան 2000 տեղահանված հայերին՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 8-ից ի վեր: Կազմակերպությունը նաև հազարից ավելի ճաշ է մատակարարել  Առողջապահության նախարարության առողջապահական աշխատողներին, ովքեր վիրավորներին տեղափոխում են Հայաստանի բժշկական կենտրոններ ու հիվանդանոցներ և բուժում տրամադրում:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի՝ Արցախից տեղահանված հայ ընտանիքներին աջակցելու շարունակական մարդասիրական օգնության ջանքերին մասնակիցը դառնալու համար, խնդրում ենք նվիրատվություն կատարել (100% հարկային նվազեցում) հետևյալ հղումով.

https://www.gofundme.com/f/gczjn-save-a-family?fbclid=IwAR2MG0-Mv3giQD9kxP_Hf2cdISBLcwrzx3ix7pMZaQAl8Iyqv1wB9BhuExU
aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image