«Ալեպպո Քուիզին»՝ լավագույն խոհանոցը Հայաստանում

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) ծրագրերի շարքում իր ուրույն տեղն ունի Ալեպպո Քուիզին սոցիալական ձեռնարկությունը, որի հիմնական նպատակը սիրիահայ փախստականների համար աշխատատեղերի ապահովումը, աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև փախստականների տնտեսական ու սոցիալական ինտեգրումն է Հայաստանում։

«Ալեպպո Քուիզին» կենտրոնը հիմնվել է շնորհիվ բարերաների ջանքերի, ովքեր մշտապես կանգնած են սիրիահայ ընտանիքների կողքին և իրենց աջակցությունն են ցուցաբերում՝ թեթևացնելով այդ ընտանիքների հոգսերը:

«Ալեպպո Քուիզին» կենտրոնի տարածքի իրացման գործում իր խոշորագույն ներդրումն ունի ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը, ատենապետ պարոն Վրեժ Քոլանջյանի գլխավորությամբ:

Կենտրոնի վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման համար նվիրատվություն են կատարել տեր և տիկին Օստենբաուեր-Տանիելյանները, ինչպես նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը:

Կենտրոնը տեխնիկական սարքավորումներով և կահույքով է ապահովել «GIZ» Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը:

«Ալեպպո Քուիզին» կենտրոնի աշխատանքների մեկնարկից հետո ծրագրային գործունեության ապահովման համար իրենց ֆինանսական աջակցությունն են ցուցաբերել նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և Կարիտաս Ավստրիան, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ),  Եվրոպական միությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը:

«Ալեպպո Քուիզին» սննդի արտադրամասն առաջարկում է քեյթրինգի ծառայություններ և խոհարարական դասընթացներ՝ նախատեսված ոչ միայն խոհարարների, այլև զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ, սովորել և պատրաստել արևմտահայկական խոհանոցի կերակրատեսակներ, իսկ կենտրոնի գործունեությունից գոյացած ողջ շահույթը ծառայում է խոցելի վիճակում գտնվող փախստականներին և տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու առաքելությանը։