«Ալեպպո Քուիզին» կենտրոնը մասնակցեց սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին

2019 թ․ մայիսի 24-26-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի կողմից հիմնադրված «Ալեպպո Քուիզին» կենտրոնը մասնակցեց Երևան քաղաքի «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցած «FOOD & DRINKS EXPO 2019» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին` կազմակերպված Վորլդ Վիժն Հայաստանի և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի աջակցությամբ։

«Ալեպպո Քուիզին» կենտրոնը գործում է որպես արտադրամաս և սննդի կետ ու մատուցում ծառայություններ սննդի արտագնա սպասարկման ոլորտում: «FOOD & DRINKS EXPO 2019» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին «Ալեպպո Քուիզին»-ը ներկայացել էր իր բազմատեսակ արտադրանքով՝ արևելյան լավագույն կերակրատեսակներով։ Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու կենտրոնի յուրահատուկ և տարբերվող կերակրացանկին, ինչպես նաև «Ալեպպո Քուիզին»-ի  գործունեության գլխավոր առաքելությանը։

«Ալեպպո Քուիզին» կենտրոնը, նկատի ունենալով սիրիահայ կանանց շրջանում գոյություն ունեցող գործազրկության բարձր մակարդակը և հաշվի առնելով նրանց խոհարարական բացառիկ հմտությունները, աշխատատեղեր է ստեղծում սիրիահայ կանանց համար և նպաստում Հայաստանում նրանց տնտեսական ու սոցիալական ներգրավմանը:

Կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայում է ոչ միայն կենտրոնում աշխատող սիրիահայ կանանց կայուն եկամուտ ապահովելուն, այլև՝ խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

«Ալեպպո Քուիզին» կենտրոնը կազմակերպում է նաև խոհարարական դասընթացներ, որոնք իրականացվում են ՀԲԸՄ-ը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսավորման շրջանակում։