Ամանորը թակեց նաև «Արևիկ-Հայաստան» կենտրոնի դուռը․․․

2019թ․ դեկտեմբերի 21-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ երեխաների կենտրոնի սաները Կազմակերպության գրասենյակում տոնեցին Ամանորը։ Բացման խոսքով հանդես եկավ Զարմինե Մինասյանը՝ ողջունելով ներկաներին ջերմագին խոսքերով, ապա բոլորը միասին երգեցին ամանորյա երգեր։

Հանդիպումն ուղեկցվեց բազմազան խաղերով, երաժշտությամբ, այնուհետև զրույցներն ու կատակները շարունակվեցին տոնական սեղանի շուրջ։

Սաներին սպասվում էր գեղեցիկ անակնկալ․ ժամանեց Ձմեռ պապը և նվերներ բաժանեց երեխաներին և ավելի բարձր տրամադրությամբ, երգ ու պարով շարունակվեց տոնակատարությունը, որին ակտիվորեն մասնակցում էին նաև Կենտրոնի խնամակալության խորհրդի անդամները և երեխաների ծնողները։

«Պուտ մը ժպիտ, Կաթիլ մը սէր․․․ Մեր այս ցանկութիւնները վայելեցինք «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կեդրոնի Ամանորի և Ս. ծննդեան առթիւ Խնամակալութեան Կազմակերպած Տօնախմբութեան Ընթացքին։ Շնորհաւոր Ամանոր և Ս.  Ծնունդ Համայն հայութեան «Արևիկ»-ի  սաներ»,- այսպիսի խոսքերով «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենապետուհի Լուսին Շոհմելյանը ներկաներին շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ և մաղթեց միմիայն հաջողություն ու երջանկություն։

Արևիկ–Հայաստան» կենտրոնի գործունեության ընթացքում հատուկ կարիքներ ունեցող սաները ստացել են անվճար հիմունքներով ներառական կրթություն, ինչպիսիք են մաթեմատիկայի, նկարչության, երաժշտության, ֆիզիկական դաստիարակության դասընթացները, ինչպես նաև թատրոն–թերապիայի և խոսքի զարգացման անվճար դասեր: Դասընթացների շնորհիվ պատերազմի միջով անցած հատուկ կարիքներ ունեցող երեխաները ազատվել են լեզվական խոչընդոտներից և ձեռքբերելտարատեսակ հմտություններ՝ ձեռքի աշխատանքներ կատարելու համար։ «Արևիկ–Հայաստան» կենտրոնի գործունեությանն աջակցել են անհատ բարերարներ և կառույցներ՝ ի դեմս «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ի, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության և «ԱՄՔՈՐ–Հայաստան» բարեգործական հիմնադրամի։