Ամանորյա միջոցառում սիրիահայ երեխաների համար

2018թ. դեկտեմբերի 22-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում («ՀԱԼԵՊ» ՀԿ) կայացավ ամանորյա միջոցառում՝ նախատեսված առավել խոցելի սիրիահայ ընտանիքների թվով հիսուներկու երեխաների համար:

Սիրիահայ փոքրիկներին ուրախացրեց լիբանանահայ դերասան Հարություն Հարբոյանը, ով ամանորյա օրերին շրջայց է կատարում հայկական համայնքներ և միջոցառումներ կազմակերպում երեխաների համար: Պրն. Հարբոյանն այս անգամ ևս հանդես եկավ Ձմեռ պապիկի դերում:

Միջոցառման ընթացքում անցկացվեցին խաղեր, երեխաները երգեցին, արտասանեցին և իրենց նամակները փոխանցեցին Ձմեռ պապիկին, որից հետո նվերները գտան իրենց փոքրիկ հասցեատերերին:

Նվերներ փոքրիկների համար պատրաստել էր պրն. Հարբոյանը, ինչպես նաև նվերներ էին պատրաստվել երեխաների համար «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից։

Միջոցառումն անցավ հաճելի և ջերմ մթնոլորտում, որից գոհ մնացին և´ երեխաները, և´ նրանց ծնողները: