Ամանորյա ցուցահանդես-վաճառք «Ալեպպո Քուիզին»-ի մասնակցությամբ

2019թ․ նոյեմբերի 30-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Ալեպպո Քուիզին» կենտրոնը մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից՝ Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպվող Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքին, որին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, արվեստի և արհեստի ներկայացուցիչներ, հայ արտադրողներ։

Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվելու է երեք ծրագրերի իրականացմանը, որոնց նպատակներն են համապատասխանաբար մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին մասնագիտական կրթություն և հմտություններ ձեռք բերելու հնարավորության ընձեռումը, ընտանեկան խնդիրների կանխարգելման և լուծման համար խորհրդատվությունների տրամադրումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ գրական բարձրարժեք աշխատանքների թվայնացումը։

Ցուցահանդեսին «Ալեպպո Քուիզին» կենտրոնը ներկայացրեց իր բազմազան ուտեստները՝ պատրաստված մերձավորարևելյան բաղադրատոմսերով և համեմունքներով։

Ցուցահանդեսի մասնակիցները մեծ գոհունակությամբ համտեսեցին ներկայացված ուտեստները, ինչպես նաև ծանոթացան «Ալեպպո Քուիզին» կենտրոնի գլխավոր առաքելությանը, այն է՝ արտադրամասի ամբողջ շահույթի ծառայեցումը սիրիահայ և տեղացի կարիքավոր ընտանիքների բարեկեցությանը։

«Ալեպպո Քուիզին» սննդի արտադրամասն առաջարկում է քեյթրինգի ծառայություններ և խոհարարական դասընթացներ՝ նախատեսված ոչ միայն խոհարարների, այլև զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ, սովորել և պատրաստել արևմտահայկական խոհանոցի կերակրատեսակներ, իսկ կենտրոնի գործունեությունից գոյացած ողջ շահույթը ծառայում է խոցելի վիճակում գտնվող փախստականներին և տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու առաքելությանը։