Ամենամյա Սուրբ Ծննդյան տոնավաճառ «Ալեպպո Քուիզին»-ի և Ձեռարվեստի հանձնախմբի մասնակցությամբ

2019թ․ դեկտեմբերի 1-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Ալեպպո Քուիզին» կենտրոնը և Ձեռարվեստի հանձնախումբը մասնակցեցին Երևանի Միջազգային Կանանց Ասոցացիայի ամենամյա Սուրբ Ծննդյան տոնավաճառին, որից ստացված հասույթն օգտագործվելու է Հայաստանի հեռավոր և սահմանամերձ գյուղերում ապրող կանանց և երեխաների ֆինանսավորման համար։

Տոնավաճառին «Ալեպպո Քուիզին» կենտրոնը ներկայացրեց իր մշտապես տարբերվող ուտեստները, իսկ Ձեռարվեստի հանձնախումբը՝ կանանց կողմից պատրաստված ամանորյա յուրօրինակ ձեռագործ աշխատանքները։

Տոնավաճառի մասնակիցները հետաքրքրվեցին «ՀԱԼԵՊ» ՀԿ ընդհանուր գործունեությամբ, «Ալեպպո Քուիզին» կենտրոնի ուտեստներով, ինչպես նաև հիացան նուրբ նկարազարդումներով պատրաստված ձեռագործ աշխատանքներով։

«Ալեպպո Քուիզին» սննդի արտադրամասն առաջարկում է քեյթրինգի ծառայություններ և խոհարարական դասընթացներ՝ նախատեսված ոչ միայն խոհարարների, այլև զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ, սովորել և պատրաստել արևմտահայկական խոհանոցի կերակրատեսակներ, իսկ կենտրոնի գործունեությունից գոյացած ողջ շահույթը ծառայում է խոցելի վիճակում գտնվող փախստականներին և տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու առաքելությանը։