Ամերիկաբնակ Ջալալյան ընտանիքը դարձավ «Որդեգրէ ընտանիք մը» ծրագրի բարերար

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն իր գործունեությանը վերաբերող նյութերում անդրադառնում ու հանրությանն է ներկայացնում բարերարների, ովքեր իրենց կարևորագույն նպաստն են ունենում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքների արժանապատիվ կյանքի ապահովմանը:

Մեզ համար պատիվ է խոսել ամերիկաբնակ Տեր և Տիկին Լևոն և Լիզա Ջալալյանների մասին, ովքեր ծանոթանալով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից նախաձեռնված «Որդեգրէ ընտանիք մը» ծրագրին՝ որոշեցին մեկ տարի շարունակ ամեն ամիս դրամային օգնություն ցուցաբերել Հայաստանում գտնվող կարիքավոր երկու սիրիահայ ընտանիքների, որի անդամների շարքում կան հաշմանդամության խնդիր ունեցող անձ, երեք անչափահաս երեխաներ ունեցող միայնակ մայր, դեռահաս աղջիկ, ով միայնակ է փորձում հոգալ իր ընտանիքի հոգսերը:

«Որդեգրէ ընտանիք մը» ծրագիրը, որը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը իրականցնում է 2015 թվականից ի վեր, նպատակ ունի ստեղծել հարթակ անհատ բարերարների համար՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի միջոցով կապ հաստատելու սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված կարիքավոր սիրիահայ ընտանիքների հետ՝ նրանց «որդեգրելու» և ամսական 100-ից 200 դոլար ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Ֆինանսական օգնությունը նախատեսված է կենցաղային ծախսերը (կոմունալ, պարեն, բնակվարձ և այլն) հոգալու համար։

Այս ծրագիր նպատակն է նաև խթանել Հայաստանում սիրիահայ ընտանիքների հաստատմանը և ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

Ջալալյան ընտանիքի կողմից տրամադրված դրամային օգնությունը ոչ միայն օգնում է այս երկու սիրիահայ ընտանիքներին թոթափել առօրյա խնդիրները, այլև զգացնել է տալիս այն ջերմությունը, որը նրանք միայնակ չեն խնդիրները դիմագրավելու հարցում: