Ամերիկահայ զույգի կարևորագույն ներդրումը՝ սիրիահայ ընտանիքներին Հայաստան տեղափոխելու հարցում

2016 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացավ Արա Չալյան և Թալար Չոլակյան զույգի պսակադրության արարողությունը, որի ընթացքում, նորապսակների ցանկությամբ՝ հարսանյաց հանդեսի բոլոր հյուրերը հարսանեկան նվերների փոխարեն կատարեցին դրամական նվիրատվություն:

Արդյունքում հավաքագրված ամբողջ գումարը Չալյանների նորաստեղծ ընտանիքն ամբողջությամբ նվիրաբերեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրին՝ ցանկանալով նորաստեղծ ընտանիքի ներդրումն ունենալ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հայանպաստ ձեռնարկին։

Ի շնորհիվ այդ նվիրատվության՝ թվով 58 սիրիահայ Հալեպից տեղափոխվեց Հայաստան՝ ստանալով հնարավորություն վերսկսելու սիրիական քաղաքացիական պատերազմի արդյունքում երբևէ ընդհատված երազանքները, ապագայի վառ տեսլականններն ու կյանքը։

Այսօր մենք ցանկանում ենք ի պատասխան նրանց համեստության, բարձրաձայնել, որ իրականում Տեր և Տիկին Չալյանները կենսական նշանակություն ունեցող ներդրում կատարեցին. այս քայլով նրանք փրկեցին 58 կյանք։

Սիրելի տեր և տիկին դոկտոր Արա և Թալար Չալյան, մենք շնորհակալ ենք ձեզ այն խորը նվիրվածության ու կուռ հավատի համար, որ դուք շարունակաբար ցուցաբերում եք «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանն ու առաքելությանը, բայց առավել շնորհակալ ենք ձեզ Հայրենիքի իրական նվիրյալների այն չգերազանցված կերպարի համար, որն, առանց որևէ կասկած, ոգեշնչման աղբյուր է հանդիսանալու շատերի համար: