Այցելություն մանկատուն՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում

2019թ․ հունիսի 17-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ, սիրիահայ և տեղացի երիտասարդներն այցելեցին Երևանի մանկատներից մեկը։ 

Նախքան այցելությունը երիտասարդները «Ալեպպո Քուիզին» կենտրոնում մեծ ոգևորությամբ պատրաստեցին մի քանի արևելյան կերակրատեսակներ՝ մանկատան սաներին արևելյան խոհանոցի յուրահատուկ ուտեստներին ծանոթացնելու համար։

Մանկատանը երիտասարդները ծանոթացան տարբեր տարիքային խմբերի պատկանող երեխաների ու կենտրոնի անձնակազմի հետ և ջերմ մթնոլորտում միասին համտեսեցին պատրաստված կերակուրները։ Երեխաներին ուրախացրեց այն փաստը, որ կերակուրները պատրաստվել էին անձամբ երիտասարդների կողմից։ Միասին ճաշելուց հետո այցելության մասնակիցները, շրջելով կենտրոնի տարբեր սենյակներով, քաղցրավենիք բաժանեցին մանկատան մյուս սաներին։

Զրույցներն ու քննարկումներն անսպառ էին։ Երեխաները այցելության մասնակիցների հետ կիսվեցին իրենց երազանքներով ու նպատակներով։ Բազմաբովանդակ ու հաճելի զրույցներից հետո բոլորը շտապեցին բակ՝ խաղալու երեխաների սիրելի խաղերը։ Համընդհանուր ոգևորության մթնոլորտում թե´ երիտասարդները, թե´ մանկատան սաները անցկացրեցին հետաքրքիր ու հիշարժան օր ու հրաժեշտ տվեցին միմյանց՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։

«Եթե մենք երբևէ սիրվել ենք մեր ընտանիքի կամ սիրելիների կողմից, ապա մենք ևս պարտավոր ենք այդ նույն սերն ու կարեկցանքը փոխանցել մեկ ուրիշին: Իմ սիրտը ջերմացավ և շոյվեց այդ երեխաներով, որոնց մենք հանդիպեցինք: Նրանք վերահաստատեցին այն միտքը, որ կյանքում ամենակարևորն այն է, թե որքան սեր ենք մենք դնում ամեն գործի մեջ: Անկասկած, շատ ավելի հաճելի է մի բան տալը, քան ստանալը», – նշում է այցի կազմակերպիչ Սերլի Թեքայանը: