«ՀԱԼԷՊ» ՀԲԿ անդամների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն

«ՀԱԼԷՊ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը, հիմնադրվելու պահիցսկսած, քաղաքավարության այցեր է իրականացնում ՀՀ տարբեր պետական գերատեսչություններ, Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանություններ, միջազգային կազմակերպություններ և այլն:

Այցերի նպատակն է պետական գործիչներին, դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկացնել կազմակերպության հիմնադրման, ծավալած գործունեության, արդեն իրականացված և ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավորությունները՝ ի շահ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդյունավետ գործունեության:

Այս շրջանակներում 2014 թ. մարտի 4-ին Կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում «ՀԱԼԷՊ» ՀԲԿ-ի նախագահ Անի Բալխյանը, ներկայացնելով կազմակերպության կողմից  իրականացվող գործունեության մանրամասները, ծանոթացրեց Նախարարին որդեգրված քաղաքականությանը, առաջնային ծրագրերին և այն խնդիրներին, որոնց հանդիպում են կազմակերպության ներկայացուցիչները իրենց գործունեության ընթացքում:

Նախարար Հակոբյանը, ողջունելով նմանօրինակ կազմակերպությունների  հիմնադրումը, բարձր գնահատեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացված հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն միասնական Հայաստան աշխարհի:

Ի պատասխան կազմակերպության ներկայացուցիչների կողմից  բարձրաձայնված մտահոգությունների՝ Նախարար Հրանուշ Հակոբյանը ընդգծեց ՀՀ Սփյուռքի նախարարության և «ՀԱԼԷՊ» ՀԲԿ-ի միջև փոխգործակցության կարևորությունը՝ խնդիրները միասնական ջանքերով լուծելու համար: