Աշնանամուտի բարեգործական նախաճաշը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ջերմ տանիքի ներքո

Ս/թ․ սեպտեմբերի 26-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տիկնանց հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական նախաճաշ։

Վերջինս կազմակերպվել էր աշնանամուտի կապակցությամբ՝ նպատակ ունենալով հերթական անգամ միավորել կազմակերպության առաքելությանը հավատարիմ և հաղորդ տիկնանց «ՀԱԼԷՊ»-ի ջերմ տանիքի ներքո։

Բարեգործական նախաճաշն իր շուրջն էր համախմբել բազում անհատների, ովքեր կարևորելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությունը՝ իրենց նպաստը բերեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի բարօրությունն ապահովող ծրագրերին։

Նախաճաշին բացման խոսքով հանդես եկավ տիկնանց հանձնաժողովի անդամ Ազնիվ Բերթիկյանը, ով ողջունեց ներկաներին՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը ևս, ինչպես բոլոր նախորդող բարեգործական ձեռնարկները, աչքի  է ընկնելու հաճելի ու դիտահաղորդ ընթացքով և ծառայելու է իր նպատակին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բարեգործական նախաճաշի նվիրատուներ Մարի Բաբիկյանին, Հիլդա Արսլանյանին, Աշխեն Պուլտուքեանին, Վարդուհի Եագուպեանին, Անի Կուրղիկյանին,  Սևան  Կուրղիկյանին, Անի Սվազյան և Էլիզաբեթ Երեմյանին կազմակերպության կողմից տարվող աշխատանքներին հանդեպ վստահություն տածելու և աջակցություն ցուցաբերելու համար։

Բոլոր ներկաների և նվիրատաուների ջանքերը նշանակալի ներդրում են ոչ միայն «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության գործունեության մեջ, այլև Հայաստանում ապաստան գտած սիրիահայ կարիքավոր ընտանիքների աջակցության շարունակականության գործում։