«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի՝«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր… Ապագա բժիշկ՝ Սևակ Պապոյան

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի՝ մասնագիտական պրակտիկայի մասնակից՝ Սևակ Պապոյան…

Ես Սևակ Պապոյանն եմ: Ծնվել եմ ք. Արթիկում, այնուհետև ընտանիքիս հետ տեղափոխվել  եմ ք. Երևան, որտեղ բնակվում եմ մինչ օրս: 2015 թվականին ընդունվել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Մեկ տարի անց մեկնել եմ ծառայության՝ Պաշտպանության բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո շարունակում եմ ուսումս Բժշկական համալսարանի Ստոմատոլոգիայի ֆակուլտետում: Ուսմանս հետ մեկտեղ մասնակցում  եմ միջազգային բազմաթիվ կոնգրեսների և կոնֆերանսների, ինչպիսիք են՝ «Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում», «Ուղեղի ճանաչման շաբաթ» գիտական կոնֆերանսին, Դիմածնոտային վիրաբույժներին  նվիրված 1-ին համաժողովին և այլն:

Բոլոր ժամանակներում արդիական է բժշկի գործունեությունը, որն ավելի նման է առաքելության, քան պարզապես պահանջվող մասնագիտության: Այն ինձ ուղեկցող երազանքն ու ձգտումն է, որն ինձ հետևում է դեռ մանուկ հասակից: Բժշկությունն, ինչպես և արվեստը, կյանքի այն ուղիներից են, որոնք իրենք են ընտրում իրենց հետնորդներին, իրենց առաքյալներին և ինձ համար մեծագույն պատիվ կլինի դասվել այդ մեծանուն մարդկանց շարքին: Հուսով եմ, որպես ապագա բժիշկ կունենամ իմ ներդրումը բժշկության զարգացման գործում:

Լինելով 4-րդ կուրսի ուսանող՝ անցնում եմ մասնագիտական պրակտիկա համալսարանական ստոմատոլոգիական կլինիկայում, իսկ պրակտիկայի շնորհիվ ստացել եմ նաև աշխատանքի առաջարկ: Շնորհակալություն եմ հայտնում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրին՝ ընձեռելու ուսանողներին հնարավորություն ձեռք բերել խորը գիտելիքներ և հմտանալ տվյալ մասնագիտության մեջ:

Պրակտիկայի ընթացքում մասնակցում եմ թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ միջամտություններին, ինչպես նաև պացիենտների ատամնաշարի վերականգման, պրոտեզավորման և վիրաբուժական գործընթացներին: Շնորհիվ պրակտիկայի և համալսարանում ձեռք բերված գիտելիքներիս,կարողանում եմ հեշտորեն ընկալել և յուրացնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է աշխատանքի ընթացքում:

Պրակտիկան ինձ ընձեռնում է հնարավորություն հասկանալու նաև կլինիկական բժշկության նրբությունները: Վստահ եմ, որ ստացածս նոր գիտելիքներն ու հմտությունները հետագայում կկարողանամ կիրառել իմ մասնագիտական ոլորտում:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ`կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին: