Առողջ մարմնում առողջ հոգի․ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագիր

2019 թվականի հոկտեմբերի 25-ին «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («Հալէպ» ՀԿ)  տեղի ունեցավ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը՝ 56 սիրիահայ կանանց մասնակցությամբ։ 

Այս անգամ հանդիպման հյուրն էր Լիանա Բախտիկյանը։ «Հալէպ» ՀԿ հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը ներկայացրեց Լիանա Բախտիկյանի կենսագրությունը և հանդիպման ընդհանուր օրակարգը։ Վերջինս ուսանել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, հանդիսանում է «Բախտիկյան» պարի խմբի տնօրենը, «Ֆիթնեսս Միքս-Ջամփինգ» ֆիթնես ակումբի սեփականատերը, Քորալ ակումբի տնօրենը, իրականացնում է առողջարար մարզումների հեղինակային ծրագրեր, ինչպես նաև կազմակերպում է շոու-ծրագրեր։ 

Հանդիպման ընթացքում Լիանա Բախտիկյանը ներկաներին տվեց բազմաթիվ օգտակար ցուցումներ և խորհուրդներ առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների վերաբերյալ։ Ներկաները մեծ ոգևորությամբ լսեցին խորհուրդները, տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, որից հետո բոլորը կատարեցին տարբեր ֆիզիկական վարժություններ։ 

Հանդիպումն ուղեկցվեց դրական լիցքերով, իսկ մարմնամարզությանը հաջորդեց հյուրասիրությունը։ Ներկաները հրաժեշտ տվեցին Լիանա Բախտիկյանին՝ խոստանակով հետևել ցուցումներին և հաճախակի զբաղվել մարմնամարզությամբ։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

Հանդիպումներիշրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 14։00-ին, «ՀԱԼԷՊ» ՀԿ-ում։
Հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։