Առցանց անգլերենի դասընթացը օգնում է տեղահանված անձանց բացահայտելու գործարար աշխարհը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Yerevan MOOC Camp Coursera for refugees» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ, հնարավորություն է տալիս ՀՀ-ում գտնվող սիրիահայերի, այլ տեղահանված անձանց, ինչպես նաև տեղաբնակների առցանց բարելավել գործարար անգլերենի իմացությունը և ծանոթանալ գործարար աշխարհին անգլերեն լեզվով։

Դասընթացի մասնակից սիրիահայ Սայիդ Գարեգը, ով դժվարանում է տեղաշարժվել հաշմանդամության խնդիր ունենալու պատճառով և անաշխատունակ է՝ նշում է․ «Գործարար անգլերենի առցանց դասընթացն օգնել է ինձ բացահայտել գործարար աշխարհը նորովի։ Առաջին անգամ է, որ մասնակցում եմ առցանց դասընթացի։ Այն ինձ համար կենսական նշանակություն ունի, քանզի այն թույլ է տալիս առանց տեղաշարժվելու ձեռք բերել նոր գիտելիքներ բիզնես վարելու մասին։ Եվ այժմ ես պատրաստ եմ կիսվել ձեռք բերված գիտելիքներով ուրիշների հետ՝ օգնելու նրանց իրենց գործերում»։

Առցանց գործարար անգլերեն լեզվի դասընթացը նաև նպատակ ունի նպաստել տեղահանված անձանց, ինչպես նաև տեղաբնակների սոցիալ-տնտեսական ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

Միրիա Բարդակջին, ով ուսանում է դիզայն Հայաստանում և հուսով է, որ մի օր կվարի իր սեփական բիզնեսը, նշում է, որ դասընթացն իրեն օգնեց ոչ միայն զորացնել անգլերեն լեզվի իմացությունը, այլև ծանոթացրեց բիզնես վարելու գործառույթներին։ Եվ եթե ապագայում ունենա իր սեփական բիզնեսը, ապա անպայման օգտագործելու է դասընթացից քաղված գիտելիքներն ու հմտությունները։

Իսկ սիրիահայ մի ուսանողուհի, ով Հայաստանում է հայտնվել սիրիական հակամարտության հետևանքով, մաս է կազմել  «Yerevan MOOC Camp Coursera for refugees» ծրագրին և արդեն ավարտել է դասընթացը, նշում է, որ գործարար անգլերենի դասընթացն իրեն թույլ տվեց անգլերեն լեզվով ծանոթանալ գործարար մարդկանց մտածելակերպին, սերտել բիզնես պլան կազմելու և բիզնեսը հաջողության հասցնելու ճանապարհը։

Հիշեցնենք ՝  դասընթացն ունի թվով վաթսունվեց մասնակիցներ, որոնց հնարավորություն է տրվել առցանց և անվճար ուսանել Basic Business English, Business English and English for Business and Entrepreneurship դասընթացները, որոնք ստեղծվել են աշխարհի լավագույն համալսարանների կողմից Coursera առցանց կրթական համակարգում։ Դասընթացների ավարտին մասնակիցներին տրվելու է վկայական, որի ծախսերը հոգում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Մասնակիցներին առցանց դասընթացներում ընդգրկվելու և դասապատրաստմանը աջակցելու հարցում օգնում են ուսուցիչ-օգնականները, ովքեր հանդիպումներ են ունենում մասնակիցների հետ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում։

Ինչպես նաև ծրագրի ողջ ընթացքում մասնակիցներին խրախուսվում է առցանց դասընթացներին մասնակցել նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակից՝ հատուկ իրենց համար նախատեսված համակարգիչներով։