Ավարտվեց «Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագիրը

2018 թվականի դեկտեմբերի 19-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում («ՀԱԼԵՊ» ՀԿ) տեղի ունեցավ սիրիահայ կանանց հզորացմանն ուղղված «Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագրի հանդիսավոր փակման արարողությունը։

«Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագիրը կանանց հզորացմանն ուղղված ծրագիր է։ Մասնակիցները քսանչորս կանայք են, ովքեր Սիրիայում եղել են հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներ՝ մաս կազմելով բարեգործական, մշակութային, կրթական և եկեղեցական կառույցների աշխատանքներին։ Հակամարտության հետևանքով տեղափոխվելով Հայաստան՝ այս կանայք դժվարությամբ են շարունակել իրենց ակտիվ հասարակական գործունեությունը՝ քաղաքացիական հասարակության մասնակցության վերաբերյալ իրազեկ չլինելու պատճառով։ Այս բացը լրացնելու համար է, որ նախաձեռնվել և կյանքի է կոչվել կանանց հզորացմանն ուղղված այս ծրագիրը», հանդես գալով բացման խոսքով՝ նշեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի փոխնախագահ, ծրագրի համակարգող Հայասա Թահմազյանը։

«Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագիրն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ:

«Մենք աջակցել ենք այս ծրագրին» «ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհների ծրագրի» օգնությամբ: Ամեն տարի ԱՄՆ դեսպանատունը բազմաթիվ ուսանողների և մասնագետների է ուղարկում Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու համար տարատեսակ փոխանակման ծրագրերի։ Վերջիններս չեն ավարտվում, երբ ծրագրի մասնակիցները վերադառնում են Հայաստան։ Փոխանակման ծրագրի մասնակիցները Հայաստան են վերադառնում մոտիվացված և նոր գաղափարներով՝ ի բարօրություն իրենց հասարակության զարգացման։ Եվ, ահա, այս ծրագիրը վառ օրինակն է այդ բանի», իր խոսքում նշեց ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը։

Ծրագրի հանդիսավոր փակման արարողությանն ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետք Լևոն Անտոնյանը, ով դիմելով ծրագրի մասնակից սիրիահայ կանանց նշեց, որ բավականին խրախուսելի է տեսնել, թե ինչպես են սիրիահայ կանայք ՀՀ-ում ձեռքբերում նոր հմտություններ և ցանկանում ներդրումը ունենալ հասարակության և երկրի զարգացմանը։

Իր ողջույնի և քաջալերանքի խոսքը ծրագրի մասնակիցներին փոխանցեց նաև ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննա Կարին Օստը՝ նշելով․ «Ես Հայաստանում եմ չորս ամիս, և աշխատում եմ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ավելի քան 23 տարիներ։ Տարիների ընթացքում ինձ համար հստակ ուրվագծվել է այն, որ տեղահանված բնակչությունում կանայք են, որ նախաձեռնում են փոփոխություններ և նպաստում նոր երկրում ինտեգրվելուն։ Շնորհավորելով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին այս նախաձեռնության իրականացման համար և շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր աջակիցներին՝ ցանկանում եմ նշել, որ դասընթացավարների և մասնակիցների հետ շփումից ակնհայտ է դարձել, որ այս ծրագիրը քաջալերել է մասնակիցներին և ցույց տվել մի նոր աշխարհ մասնակիցները ցուցաբերել են պատրաստակամություն նոր գիտելիքներ ձեռքբերելու համար՝ նորովի  մոտեցմամբ անդրադարձ կատարելով, թե մարդու իրավունքներին և թե հանրային իրազեկմանը։ Այսպիսի ծրագրերը սովորաբար ոչ միայն ազդեցություն են ունենում միայն մեկ հոգու վրա, այլև անցնում են ընտանիքով և հասնում հասարակությանը՝ ունենալով կրկնակի ազդեցություն»։

«Քաղաքացիական հասարակության մեջ ընդգրկումը մեզ բարձրացնում է զուտ մեր ներքին արժեքների պահպանման խնդրից ստիպում է մտածել բոլորի՝ հավասարության մասին։ Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են սիրիահայ կանայք վերհանում այնպիսի խնդիրներ, որոնք խորն են, սակայն անտեսված են մնում։ Այս խնդիրները տեսնելը և նրանց լուծումներ տալն էր, որոնցով ցանկանում էինք սկսել կանանց հետ աշխատանքը», – իր խոսքում նշեց Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն, «Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագրի դասընթացավար Գայանե Մկրտչյանը։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՄԱԿ ՓԳՀ-ի արտաքին կապերի համակարգող, «Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագրի մենթոր Անահիտ Հայրապետյանը, ով իր խոսքում նշեց՝ «Ձեզ հետ շփումը սովորեցնում է անցնել դժվարությունների միջով առանց որևէ տրտունջի։ Մենք էլ մեր հերթին աջակցելու ենք, որ դուք էլ վերցնեք այն լավագույնը, որն անհրաժեշտ է ձեզ անձի զարգացման համար»։

Ծրագրի հանդիսավոր փակման արարողությանն իրենց փորձով և տպավորություններով կիսվեցին ծրագրի մասնակիցները։

«Ես դասընթացի շնորհիվ գիտակցեցի, որ կամավորությունը պարզապես կամավորություն չէ, այն նույնպես աշխատանք է։ Երբ զբաղվում ես քո սիրած աշխատանքով, կարծես ժամանակ չես ունենում խորանալու բովանդակության մեջ։ Եվ հենց այսպիսի դասընթացներն են, որոնք ուղղորդում ենք քեզ և թույլ տալիս հասկանալ, վերլուծել և գնահատել քո կողմից տարվող աշխատանքը։ Դասընթացը թույլ տվեց նաև գիտակցել, որ մենք՝ կանայքս, ցանկանում ենք բացահայտել մի նոր աշխարհ, որտեղ կամավորության միջոցով ձեռքբերված փորձը կարող է համեմվել տեսական գիտելիքների հետ։ Այսպիսով, որոշել եմ շարունակել կրթությունս և ստանալ որակավորում սոցիալական ոլորտում», – նշեց ծրագրի մասնակից Շուշանիկ Կարապետյանը։

«Իմ աշխատանքային ոլորտում ես միշտ երազում եմ, սակայն չեմ համարձակվում իրականացնել, և այստեղ էր, որ ինձ այդքան հարկավոր էր ուղղորդումը։ Այս ծրագրի շնորհիվ իմացա, թե որ ճանապարհով քայլեմ, որպեսզի կյանքի կոչեմ իմ երազանքը։ Ներկա պահին ես համագործակցում եմ մի մեծ կառույցի հետ, և անչափ ուրախ եմ, որ ծրագրից ստացած գիտելիքներն օգտագործում եմ՝ ի նպաստ երազանքիս իրականացման», – իր խոսքում նշեց ծրագրի մասնակից Ազատուհի Բալաբանյանը։

«Սա մի նոր հուն է, որով անցնելով ծրագրի մասնակից քսանչորս կանայք ստացան կենսական գիտելիքներ և հմտություններ՝ ի նպաստ քաղաքացիական կյանքում ակտիվ մասնակցություն ունենալուն և փոփոխություններ նախաձեռնելուն։ Այսպիսի ծրագրերը, ոչ միայն հզորացնում են սիրիահայ կանանց և ուղղորդում դեպի իրենց նպատակների իրականացմանը, այլև իրենց դրական ազդեցությունն են ունենում նրանց շրջապատող միջավայրի վրա», – հայտնում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը։

«Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագրի ավարտին հավաստագրեր հանձնվեցին ծրագրի մասնակից կանանց։ Ինչպես նաև շնորհակալագրեր հանձնվեցին ծրագրի դասընթացավարներին և մենթորներին, ովքեր օգնեցին նորովի բացահայտել պատերազմի, հալածանքների և բռնությունների հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց ներուժը, զինեցին նրանց համապատասխան գիտելիքներով և հմտություններով, մասնակից դարձրեցին հասարակական գործունեությանը և տրամադրեցին քոուչինգ՝ յուրովի խթանելով սիրիահայ կանանց ակտիվ մասնակցությունը հայաստանյան քաղաքացիական կյանքում: