Ավստրալահայ երիտասարդը նվիրեց «Հույս, հավատ, սեր» ճամբարը սիրիահայ պատանիներին

2018 թվականի հուլիսի 23-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ից մեկնարկեց սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ պատանիների համար կազմակերպվող հինգօրյա ամառային ճամբարը, որն իրականացվեց Գեղարքունիքի մարզում գտնվող «ԵՄՔԱ Վարդենիս» ճամբարում։

Ամառային ճամբարը նախաձեռնվեց ի շնորհիվ ավստրալահայ երիտասարդ Նարեկ Դեգերմենջյանի, ով ավելի քան վեց ամիս կամավորել է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում, ծանոթացել սիրիահայ ընտանիքների խնդիրներին և հետ վերադառնալով Ավստրալիա՝ իր առջև դրել է խնդիր՝ հնարավորության սահմաններում կանգնել Հայաստանում գտնվող սիրիահայ համայնքի կողքին:

Շուրջ չորս ամիս համախմբելով Ավստրալիայում, մասնավորապես Սիդնեյում գտնվող հայ համայնքին՝ նա իրականացրել է դրամահավաք, որի շնորհիվ շուրջ քսանհինգ սիրիահայ պատանիներ հնարավորություն ստացան իրենց ամառային հանգիստն են անցկացնելու Գեղարքունիքի մարզում:

Ամառային ճամբարը, որն անվանվում էր «Հույս, հավատ, սեր», իր օրակարգում ներառում էր առաջնորդությանը, կամավորությանը, պատմությանը, մշակութին և կրոնին վերաբերող ոչ ֆորմալ դասընթացներ, որոնք միտված էին պատանիներին տրամադրելու անձի զարգացմանն ուղղված գիտելիքներ։

«Սիրիահայ պատանիներին տալ հույս՝ հօգուտ վաղվա բարեկեցիկ օրվա կերտման, զինել նրանց հավատով և շրջապատել՝ սիրով․ սա էր ամառային ճամբարի նպատակը», – նշում է ավստրալահայ Նարեկ Դեգերմենջյանը։

Ճամբարը նպատակ ուներ ոչ միայն արդյունավետորեն կազմակերպել սիրիահայ պատանիների ազատ ժամանակը, այլև` նպատակ ուներ ևս մեկ անգամ վեր հանել հայ ժողովրդի միասնականության և Հայաստան – Սփյուռք հավաքական ուժի գաղափարը:

«Մենք ուրախ ենք մեր կողքին ունենալու Նարեկ Դեգերմենջյանի նման հայորդու, ով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի երբևէ ունեցած ամենանվիրված կամավորներից մեկն է։ Նարեկի նման երիտասարդները մեր ազգի ապագան կերտողներն են․ նրանք ոչ միայն ունակ են կամրջել Հայաստանն ու Սփյուռքը՝ ի նպաստ հայրենակիցների բարօրության ապահովման, այլև՝ ծառայում են վառ օրինակ և ներշնչման աղբյուր իրենց հասակակիցների համար»- հայտնում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը։