Տեղացի և փախստական 46 երիտասարդներ ստացան ուսանողական կրթաթոշակներ…

2020թ. մայիսի 26-ին «ՀԱԼԵՊ» հայրենակացական բարեսիրական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ)՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի (ՀԿՍ) ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում կրթաթոշակներ տրամադրեց հայաստանյան բուհերում ուսանող 46 երիտասարդի:

2020թ. փետրվարին հայտարարված՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կրթաթոշակի բաց մրցույթին ընդհանուր հաշվով դիմել էին  102 ուսանողներ, որոնցից 69-ը՝ ս.թ. գարնանային կիսամյակի ուսման վարձավճարի փոխահատուցման համար: Դիմորդների ընտրությունը կայացավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի, ծրագրի համակարգող Արաքս Մարտիրոսյանի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրի ղեկավար Ռուբինա Դևրիկյանի և «Իմ քայլը» հիմնադրամի՝ Կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանի մասնակցությամբ:

Պայմանավորված COVID-19–ի համաճարակով, Հանձնաժողը քննարկումն իրականացրեց առցանց տարբերակով: Մանրամասնորեն ուսումնասիրվեցին յուրաքանչյուր դիմորդի ներկայացրած փաստաթղթերը՝ հաշվի առնելով կրթաթոշակների տրամադրման՝ ծրագրով հաստատված չափանիշները, այն է՝ ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու սոցիալական կարիքները: Հանձնաժողովի անդամների կողմից արված նկատառումների արդյունքում ընտրվեցին 10 համալսարաններ ներկայացնող 46 ուսանողներ:  Կրթաթոշակակիրները հանդիսանում են Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ:

Շնորհավորու՜մ ենք կրթաթոշակ ստացած ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին, որի նպատակն է սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի երիտասարդների կարողությունների զարգացումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը և մասնագիտական պրակտիկայի միջոցով՝ աշխատանքային փորձի ապահովումը: