Արցախցի և սիրիահայ 72 երիտասարդներ ստացան ուսանողական կրթաթոշակներ. «ՀԱԼԵՊ» ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված արցախա-ադրբեջանական պատերազմը աղետալի հետևանքներ ունեցավ արցախահայության համար: Պատերազմը մեծ ազդեցություն ունեցավ նաև Արցախցի երիտասարդների ուսման շարունակականության վրա: «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամը՝ հաշվի առնելով Արցախցի ուսանողների ֆինանսական անկարողությունը՝ ուսման շարունակելիության տեսանկյունից, ս.թ. նոյեմբեր ամսին կրթաթոշակների բաց մրցույթ հայտարարեցին Արցախցի ուսանողների համար «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում:

Արդյունքում, ս.թ. դեկտեմբերի վերջին  վերոնշյալ ծրագրի շրջանակներում կրթաթոշակներ տրամադրվեցին ՀՀ և Արցախի բուհերում սովորող 72 երիտասարդի:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կրթաթոշակի մրցույթին ընդհանուր հաշվով դիմել էին  112 ուսանողներ՝  ուսման վարձավճարի փոխահատուցման համար: Դիմորդների ընտրությունը կայացավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի, ծրագրի համակարգող Արաքս Մարտիրոսյանի, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի Ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանի, ծրագրի ղեկավար Ռուբինա Դևրիկյանի և սիրիահայ երիտասարդ Ավո Ափոշեանի մասնակցությամբ:

Պայմանավորված COVID-19–ի համաճարակով, Հանձնաժողը քննարկումն իրականացրեց առցանց տարբերակով: Մանրամասնորեն ուսումնասիրվեցին յուրաքանչյուր դիմորդի ֆինանսական կացությունը և կարիքավորության աստիճանը: Հանձնաժողովի անդամների կողմից արված նկատառումների արդյունքում ընտրվեցին հայաստանյան և արցախյան 15 համալսարաններ ներկայացնող 72 ուսանողներ:  

Տեղեկացնում ենք, որ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում կրթաթոշակներ էին տրամադրվել նաև 47 տեղացի, սիրիահայ և լիբանանահայ ուսանողների՝ ս.թ. հոկտեմբեր ամսին: Ընդհանուր առմամբ, 2020թ. ամբողջ տարվա ընթացքում տրամադրվել է 164 կրթաթոշակ՝ վճարովի համակարգում սովորող՝ բարձր առաջադիմությամբ և խոցելի վիճակում գտնվող ուսանողներին: Կրթաթոշակակիրները հանդիսանում են Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի և Լիբանանի քաղաքացիներ:

Շնորհավորու՜մ ենք կրթաթոշակ ստացած մասնակիցներին  և մաղթում նորանոր հաջողություններ:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին, որի նպատակն է սիրիահայ, իրաքահայ, արցախահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի երիտասարդների կարողությունների զարգացումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը և մասնագիտական վճարովի պրակտիկայի միջոցով՝ աշխատանքային փորձի ապահովումը: