Բարեգործական ճաշկերույթ ի նպաստ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովման

2018թ-ի մարտի 24-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԷՊ» ՀԿ) մանկապատանեկան հավաքների հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական ճաշկերույթ։

Վերջինս իր շուրջն էր համախմբել անձանց, ովքեր ոչ միայն եկել էին նշելու Սիրիայում տոնվող Մայրերի օրը, այլև ցանկացել էին իրենց նպաստը բերել «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի բարեսիրական գործունեության շարունակականության ապահովմանը։

Բարեգործական միջոցառման բացման խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի մանկապատանեկան հավաքների ուսուցչուհի Սիրանուշ Գումրույանը, ով կազմակերպության անունից իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին միջոցառմանը միանալու համար։

Կազմակերպիչները մասնակիցների համար պատրաստել էին տարատեսակ նվերներ, ինչպես նաև հոգացել էին միջոցառման մասնակից փոքրիկների մասին՝ նրանց մասնակից դարձնելով հետաքրքիր խաղերի։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ն իր գործունեության առանցքում ունենալով բարեգործությունը՝ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայներին տրամադրում է մարդասիրական օգնություն, մշակում և իրականացում է տևական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում գտնվող սիրիահայերի առաջնային խնդիրների՝ բնակարանային և զբաղվածության խնդիրների լուծմանը։ Կազմակերպության գործունեությունը նաև նպաստում է սիրիահայերի  սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացմանը Հայաստանում։