Բարեգործական ճաշկերույթ ուղղված «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության շարունակականությանը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի խնամակալության և տիկնանց հանձնախմբի նախաձեռնությամբ ս/թ. ապրիլի 15-ին՝ Խթման տոնի առթիվ տեղի ունեցավ բարեգործական ճաշկերույթ՝ ուղղված «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության շարունակականության ապահովման։

Բարեգործական ճաշկերույթին բացման խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենադպրուհի Պերճուհի Ավետյանը, ով ներկաներին ներկայացրեց օրվա խորհուրդը և հավկթախաղի պատմությունը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենապետուհի Լուսին Շէօհմելեանը ողջույնի և երախտիքի խոսքով անդրադարձավ բոլոր այն մարդկանց, ովքեր անձնանվեր աշխատանքներ են տանում կենտրոնի սաների հետ՝ իրենց ջանքերը, մասնագիտական և մարդկային որակները ուղղելով այդ ամենօրյա աշխատանքին։

Կարևորելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի դերը Հայաստանում հաստատված հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայերի համար՝ բարեգործական ճաշկերույթի մասնակիցները կատարեցին նաև դրամական նվիրատվություններ, որոնք ծառայելու են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության ապահովմանը՝ հնարավորություն տալով կենսական աջակցություն ցուցաբերել հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերին:

Միջոցառման ընթացքում ներկաներին պատվեցին խրախուսական և խորհրդանշական նվերներով, տոնի ոգին խորհրդանշող ավանդական ճաշկերույթով, երգ ու պարով։