Բարեգործական միջոցառում-պտույտ դեպի Սբ․ Մ․ Մաշտոց Մայր Եկեղեցի

Ս/թ․ հունիսի 16-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության սոցիալ-հոգեբանական հավաքների տիկնանց նախաձեռնությամբ կազմակերպվեց բարեգործական միջոցառում-պտույտ դեպի Սբ․ Մ․ Մաշտոց Մայր Եկեղեցի՝ թվով 60 սիրիահայի մասնակցությամբ։

Ներկաները այցելեցին Մ․ Մաշտոցի սրբավայր դարձած գերեզմանատուն և Օշական գյուղի այցեքարտ համարվող Սբ․ Մ․ Մաշտոց Մայր Եկեղեցի։

Հաջորդ կանգառը «Հին Աշտարակ» ռեստորանային համալիրն էր, որտեղ ներկաների համար կազմակերպվել էր գեղեցիկ հյուրասիրություն։

Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ տիկնանց խորհրդի անդամ Գոհար Մարքեյանը։

Հյուրերը մասնակից եղան զանազան խաղ—վիճակների և ստացան խրախուսական նվեր-փաթեթներ։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ- ի գործադիր մարմինը  իր խորին երախտիք է ցանկանում հայտնել շվեցարաբնակ Աղավնի Վեհապետյանին և բոլոր նրանց, ովքեր միջոցառման ընթացքում հանդես եկան նվիրատվություններով, որոնք ի նպաստ են ծառայելու «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովմանը և Հայաստանում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը։

Ի գիտություն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի շրջանակներում անցկացվող սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները կրում են շարունակական բնույթ և հյուրընկալում են բարձրակարգ հոգեբանների ու մասնագետների, որոնք իրենց գիտելիքների ու հմտությունների շնորհիվ կարողանում են ցուցաբերել օգնություն Հայաստանում հաստատված սիրիահայերին։