Բարեգործական նախընթրիք, որը նշանավորեց նաև «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հնգամյա գործունեությունը

2018 թվականի նոյեմբերի 15-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) տիկնանց խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական նախընթրիք։

Այն մեկնարկեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանի ողջույնի խոսքով։ Տիկին Բալխյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին կազմակերպության մարդասիրական աշխատանքներին աջակցելու համար, և կարևորեց կազմակերպության հինգ տարիների ընթացքում բոլոր անհատների և կառույցների նեցուկ կանգնելը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեությանը։

«Կազմակերպության հինգերորդ տարեդարձի առթիվ ցանկանում եմ շնորհավորել և հատուկ շնորհակալության խոսք ուղղել վերջին հինգ տարիների ընթացքում իրենց անսահման նվիրվածությամբ և մարդասիրական բարձր ոգով օժտված մեր անդամներին և բարերարներին, ովքեր ճիգ չեն խնայել աջակցելու և սատար կանգնելու Սիրիական ճգնաժամի արդյունքում 2013 թ-ի հոկտեմբերի 28-ին ստեղծված  «Հալեպ» կազմակերպության գործունեության հաջող երթին, որի առաքելությունն է հույսի և լույսի նշույլ սփռել սիրիահայ՝ մեր տագնապահար և վշտահար եղբայրների ու քույրերի հոգիներում։ Այս բոլորի միացյալ աշխատանքով է, որ միայն կարելի եղավ հաղթահարել անթիվ դժվարություններ, ինչպես նաև մշակել ու իրականացնել ծրագրեր՝ ուղղված ոչ միայն Հայաստանում սիրիահայերի բարօրության ապահովմանը, այլև նրանց հմտությունների ու գիտելիքների զարգացմանը մշակութային, հոգևոր, ֆիզիկական, կրթական և գիտական ոլորտներում։»

Տիկին Բալխյանի ողջույնի խոսքից հետո կտրվեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հինգերորդ տարեդարձը նշանավորող տորթը։ Այնուհետև կենդանի երաժշտության ներքո բարեգործական միջոցառման մասնակիցները վայելեցին համեղ ուտեստներ, որին հաջորդեցին բազմազան հետաքրքրաշարժ խաղեր։

Բարեգործական միջոցառման շահույթը ծառայելու է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովմանը՝ նպաստելով Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի բարօրությունն ապահովող ծրագրերին:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում այս տարիներին կազմակերպության կողքին կանգնած անհատ բարերարներին և կառույցներին, որոնց աջակցության շնորհիվ կազմակերպությունը շարունակում է իրականացնել մարդասիրական ծրագրեր՝ ուղղված սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովման։