Բարեգործական տոնավաճառին ներկայացվեց «Ալեպպո Քուիզին» կենտրոնի համեղ արտադրանքը

2018 թվականի դեկտեմբերի մեկին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Ալեպպո Քուիզին» կենտրոնն առաջին անգամ մասնակցեց Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառին, որը կազմակերպվել էր Երևանի Միջազգային Կանանց միավորման կողմից Երևանում:

«Ալեպպո Քուիզին» կենտրոնն իր մասնակցությամբ հնարավորություն ընձեռեց տոնավաճառի մասնակիցներին ծանոթանալու արևելյան խոհանոցին և համտեսելու կենտրոնի կողմից պատրաստված բացառիկ ուտեստները։

Հիշեցնենք` «Ալեպպո Քուիզին» կենտրոնը նպատակ ունի ստեղծել աշխատատեղեր սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց համար ու նպաստել նրանց տնտեսական ու սոցիալական ինտեգրմանը Հայաստանում։ Այն գործում է որպես սննդի արտադրամաս և կարող է մատուցել ծառայություններ սննդի արտագնա սպասարկման ոլորտում:

Կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայելու է խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

 Նորաբաց «Ալեպպո Քուիզին» կենտրոնի հասցեն է՝ ք Երևան, Կողբացի 83 շ.,  2/1 տարածք: Հեռ՝ 011 54 53 69, 055 54 53 61, 098 54 53 31։