Բարերար Գասիա Կարագուլյանի ներդրումը «Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագրի շրջանակում

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) մշակելով և իրականացնելով «Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագիրը՝ յուրովի է աջակցում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի առջև ծառացած բնակարանային խնդրի լուծմանը։

«Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագիրը կյանքի է կոչվում բարերարների աջակցությամբ, ովքեր գնելով բնակարաններ՝ անհատույց ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրում են առավել խոցելի դրությունում հայտնված սիրիահայ ընտանիքներին։

Բարերար Գասիա Կարագուլյանը, անտարբեր չլինելով սիրիահայերի խնդիրներին, նույնպես դարձավ բնակարանային ծրագրի դոնոր՝ ժամանակավոր անհատույց օգտագործման իրավունքով բնակարան տրամադրելով սիրիահայ ընտանիքի։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում տիկին Գասիա Կարագուլյանին՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեությանը հավատ ընծայելու և «Հիւրընկալէ ընտանիք մը» մարդասիրական բնակարանային ծրագրի կյանքի կոչման գործում մեծ ավանդ ունենալու համար։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Հիւրընկալէ ընտանիք մը» ծրագրի նպատակն է Սիրիայի հակամարտությունից տուժած և տեղահանված ընտանիքներին ապահովել առաջնային կենսական ռեսուրսներով՝ տրամադրելով  ապաստան և բարենպաստ պայմաններ:

Ծրագրի շրջանակում բնակարանները ձեռք են բերվում բարերարների միջոցներով և պայմանագրային հիմունքներով ժամանակավոր անհատույց օգտագործման նպատակով տրամադրվում են Հայաստանում ապաստանած սիրիահայ առավել խոցելի ընտանիքներին։ Բնակարանները պատկանում են բարերարներին, իսկ կարիքավոր ընտանիքները կարողանում են առանց վարձավճարի ժամանակավոր բնակվել տրամադրված բնակարաններում։

«Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագրի շրջանակում ՄԱԿ Փախստականների Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ բնակարանները կահավորվում են անհրաժեշտ կենցաղային գույքով՝ ապահովելով նպաստավոր պայմաններ բնակվելու համար։

Բնակարանային այս ծրագրի շրջանակում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը համագործակցում է նաև Global Hope Network International-ի հետ սիրիահայ ընտանիքների բնակարան առաջարկելով նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: