Գյուլբենկյան ընտանիքը զորավիգ Հայաստանում ապաստանած սիրիահայերին

Բարերարներ Տեր և Տիկին Էդվարդ և Քարմեն Գյուլբենկյանները շարունակաբար հանդես են գալիս մարդասիրական նախաձեռնություններով, որոնք կոչված են աջակցել Հայաստանում ծանր սոցիալական-հոգեբանական վիճակում հայտնված սիրիահայերին։

Հերթական քայլը անմիջական ներգրավվածությունն է ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի իրականացրած «Որդեգրիր ընտանիք մը» մարդասիրական շտապ օգնության ծրագրում, որի շրջանակներում մեծարգո բարերարները իրենց խնամակալության տակ են վերցրել թվով 7 սիրիահայ ընտանիքի, որոնց ամսական հիմունքներով հատկացնում են դրամական օժանդակություն։

Մենք անչափ բարձր ենք գնահատում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հանդեպ Գյուլբենկյան ընտանիքի տածած խոր հարգանքն ու վստահությունը, քանզի այն մեզ քաջալերում և թիկունք է կանգնում մեր առաքելության իրագործման դժվարին ճանապարհին։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիս ամսից, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իրականացնում է «Որդեգրիր ընտանիք մը» մարդասիրական շտապ օգնության ծրագիրը։ Այն ընդգրկում է տեղահանված և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին, անհատներին և խոցելի խմբերին, որոնց աճող թիվը պայմանավորված է Սիրիայում ռազմական գործողությունների սրացմամբ։

Ծրագիրը մի հարթակ է, որի շնորհիվ, անհատ բարերարները «ՀԱԼԷՊ» կազմակերպության միջոցով կապ են հաստատում Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայ ընտանիքների հետ, և ցուցաբերում ֆինանսական աջակցություն, աջակցելու և լուծելու նրանց առջև ծառացած կենցաղային խնդիրները։ Ծրագրի իրականացումը նպաստում է համապատասխան առաջնային միջավայրի/պայմանների ստեղծմանը սիրիահայ կարիքավոր ընտանիքների, անհատների և խոցելի խմբերի համար, նրանց բնակության հաստատմանը և ինտեգրմանը Հայաստանում։