Գրաֆիկ դիզայնի դասընթացներ՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում

2020թ. հունիսի 1-ից «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մեկնարկեցին Գրաֆիկ դիզայնի (Adobe Photoshop, Adobe Illustrator) առցանց անվճար դասընթացներ՝ սիրիահայ և տեղացի 16 երիտասարդների մասնակցությամբ: Ծրագիրն իրականացնում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը(«ՀԱԼԵՊ» ՀԿ)՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Դասընթացներն անցկացվելու են 4 ամիս՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ՝ Open With ուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ: Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են տարբեր գործիքներ, աշխատանք նկարների հետ, սովորելու են գունային մշակումներ, դիզայնի օրենքներ, հատուկ էֆեկտների կիրառում, գրաֆիկական պատկերների ստեղծում և այլն:

Դասընթացի սիրիահայ մասնակից Արվին Քափթանեանը սովորում է Երևանի ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջի 1-ին կուրսում:

«Մեծ ոգևորությամբ եմ մասնակցում Adobe Photoshop-ի դասընթացին, որն ինձ անհրաժեշտ է մասնագիտությանս մեջ հմտանալու համար, դասերն անցնում են բավական պարզ և ընկալելի: Շնորհակալություն եմ հայտնում ինձ նման հնարավորություն ընձեռելու համար»,- նշում է Արվինը:

Հիշեցնենք՝

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին, որի նպատակն է բարելավել սիրիահայ, իրաքահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղաբնակ երիտասարդների կարողությունները, փոխանցել նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև հնարավորություն տալ ձեռք բերելու աշխատանքային փորձ՝ մասնագիտական պրակտիկայի կազմակերպման միջոցով:

Հաշվի առնելով COVID-19-ի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը՝ դասընթացներն անցկացվում են առցանց տարբերակով՝ ZOOM ծրագրի միջոցով: