Երեխաները շուքով տոնեցին Բարեկենդանը

2018թ. փետրվարի 10-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում նշեցին ժողովրդական ամենազվարճալի տոներից մեկը՝ Բարեկենդանը:

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Այդ առիթով էլ երեխաները եկել էին ծպտված և բարձր տրամադրությամբ՝ միմյանց մաղթելով բարի կենդանություն: Նրանք պատմեցին  իրենց յուրօրինակ համազգեստների մասին, իսկ լավագույնները՝ ստացան փոքրիկ մրցանակներ:

Մանկապատանեկան հավաքին երեխաները նաև ունկնդրեցին հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մեկը՝ Բարեկենդանը, այնուհետև՝ պարեցին, խաղեր խաղացին և շարունակեցին տոնախմբությունը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար: 

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրը՝ Հյուսիսային պողոտա 11 (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

?