Երիտասարդության և գեղեցկության դասընթաց «Սոցիալ հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում

Շունչդ տու՛ր, հոգիդ, բայց քո

հայրենիք մի՛ տուր թշնամյաց

Անմահ Խ․ Աբովյանի պատգամը

2019թ․ նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը՝ սիրիահայ կանանց մասնակցութամբ։

Կազմակերպության հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց հանդիպման օրակարգը։ «Ծանոթանանք մեր արժեքներին» բաժնի ներքո Ծովիկ Մակարյան-Բայթարյանը անդրադարձավ Արարատյան վերելքի 190-ամյակին․

Խաչատուր Աբովյանի հետ է առնչվում Արարատ լեռան առաջին վերելքը, որը տեղի է ունեցել 1829թ․ սեպտեմբերի 27-ին, երբ Աբովյանը 20 տարեկան էր։ Արշավախմբի անդամներն էին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, Խ․ Աբովյանը, 2 հայ շինական և 2 զինվորական։ Հասնելով լեռան գագաթին՝ Աբովյանը սառույցի վրա փոս արեց ու տեղադրեց Էջմիածնից իր ուսերին բարձրացրած ավելի քան 1,5 մ․ բարձրությամբ խաչը։ Նա նաև սառույցի կտոր դրեց շշի մեջ ու իջեցրեց որպես սուրբ ջուր։ 1842թ․՝ 39տ․ հասակում, Աբովյանը դուրս եկավ տանից և այլևս չվերադարձավ։ Աբովյանի մահվան լուրը առ այսօր շարունակում է մնալ առեղծված։ Հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական Խաչատուր Աբովյանը հանդիսանում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը։

Այս անգամ հանդիպման հյուրն էր Մարալ Ֆերմանյան-Թաշճյանը։ Վերջինս 1983թ․ Հալեպում սկսել է իր գործունեությունը գեղեցկագիտության ոլորտում, ունեցել է սեփական կենտրոն։ Հանդիպման հյուրը, առաջին հերթին, խորհուրդ տվեց ներկաներին հաճախ ժպտալ, քանի որ գեղեցկության առաջին գրավականը ժպիտն է։

Մարալ Ֆերմանյան-Թաշճյանը դեմքի մերսում կատարեց ներկաներից մեկին՝ դեմքի գրագետ մերսման շարժումները բոլորին ցուցադրելու համար։ Հանդիպման ընթացքում Մարալ Ֆերմանյան-Թաշճյանը տվեց բազմաթիվ խորհուրդներ մաշկի խնամքի, երիտասարդության և առողջության հետ կապված։ Ներկաները ոգևորությամբ հետևեցին դեմքի մերսման գործընթացին, որն ուղեկցվում էր հարց ու պատասխանով և օգտակար ցուցումներով։

Մարալ Ֆերմանյան-Թաշճյանն ունեցել է բազմաթիվ աշակերտներ, սիրում է իր փորձը և գիտելիքները փոխանցել նոր սերնդին, մասնավորապես, իր դստերը, ով նույնպես հետաքրքրված է այս ոլորտով։

Ներկաները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր և օգտակար հանդիպման համար՝ խոստանալով հետևել բոլոր խորհուրդներին։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ–ի «Սոցիալ–հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ–հոգեբանական  վերականգնմանը։

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 14։00-ին, «ՀԱԼԷՊ» ՀԿ–ում։ Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։