Եւս մեկ ընտանիք ժամանեց «Save A Life» նախաձեռնության շրջանակներում
Ս/թ. հուլիսի 24-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Save A Life» նախաձեռնության շրջանակում Հալեպից Հայաստան տեղափոխվեց Լիբարյան ընտանիքը: Զվարթնոց օդանավակայանում նրանց ջերմորեն դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի և Հայկական Կարմիր Խաչի Ընկերության ներկայացուցիչները:
Հիշեցնենք՝ վերջին ամիսներին անվտանգության տեսանկյունից Հալեպում ստեղծված ծանր դրության պատճառով՝ Երևանում հաստատված մի շարք հալեպահայեր դիմեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին` խնդրելով օգնության ձեռք մեկնել Հալեպում գտնվող իրենց կարիքավոր և անելանելի խնդիրների առջև հայտնված հարազատներին՝ ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։
Ելնելով վերոհիշյալից՝ կազմակերպության գործադիր մարմինը որոշում կայացրեց կոչ անել Հայաստանում և Սփյուռքում գտնվող բոլոր բարերարներին՝ ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով մեզ դիմած հայրենակիցներին տեղափոխելու Հայաստան՝ որպես ապահով երկիր։