Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը. Կյանքեր փրկող կառույցը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը 2015թ-ին նախաձեռնեց և առ այսօր իրականացնում է «Փրկիր կեանք մը» ծրագիրը:

Վերնագիրն արդեն հուշում է ծրագրի անձի կյանքում կենսական նշանակություն ունենալու մասին: Հետևելով 2015թ-ին Հալեպ քաղաքում ստեղծված օրհասական դրությանը՝ Հայաստանում հաստատված սիրիական համայնքի ստվար մի հատված խնդրագրով դիմեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակին՝ օգնելու Հալեպում գտնվող, նյութական և հոգեբանական դժվարին իրավիճակում հայտնված, ամեն օր կյանքի և մահու կռիվ տվող հարազատներին ձեռք բերելու մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս դեպի Հայաստան` որպես ապահով երկիր:

Գիտակցելով այսպիսի ծրագրի խիստ անհրաժեշտությունը՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը մեկ շնչով նախաձեռնեց՝ կյանքի կոչելու կյանքեր փրկող ծրագիրը:

2015թ-ի մայիս ամսին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հանդես եկավ կոչով՝ Հայաստանում և Սփյուռքում գտնվող հայ բարերարներին կոչ անելով ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին:

Այս կոչին պատասխանեցին աշխարհի տարբեր անկյուններից: Նրանց շարքում էր Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը:

Չխնայելով ջանք ու եռանդ, իրենց ներուժը ծառայեցնելով կյանքեր փրկող աշխատանքին և բռունցքելով մարդասիրական գործունեություն իրականացնող անձանց՝ Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը՝ հանձին ատենապետ Վրեժ Քոլանդջյանի, կարողացավ հավաքագրել և ապահովել թվով 160 անձանց տոմսերը՝ օգնելով օր առաջ աղետի գոտին լքելուն և Հայաստան տեղափոխվելուն:

Այսօր 130 սիրիահայեր Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի բարի կամքի դրսևորման շնորհիվ վերգտնելով անվտանգության զգացումը, հավատը դեպի լուսավոր ապագա, փոքր քայլերով, բայց վստահ հաստատվում և իրենց ճանապարհն են կերտում Հայաստանում:

Եվ Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդն էլ յուրովի է նեցուկ կանգնում այս ընտանիքների կայացմանը Հայաստանում ՝ տրամադրելով նաև դրամային օգնություն:

Իսկ մյուս 30 հոգին այս օրերին են պատրաստվում դեպի Հայաստան տեղափոխվելուն։

Չմարող տոկունությամբ առ այսօր Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը շարունակում է իր մեծարժեք նպաստը բերել «Փրկիր կեանք մը» ծրագրի շրջանակում սիրիահայերի տեղափոխմանը դեպի Հայաստան:
Բարձր գնահատելով ծխական խորհրդի կողմից տարվող հայրենանպաստ ջանքերը՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմինն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Փրկիր կեանք մը» ծրագրի կոչին ականջալուր լինելու և կյանքեր փրկող մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի՝ հանձին ատենապետ Վրեժ Քոլանդջյանի գործունեությունը վերստին ապացուցում է այն հավատը, որ փոխգործակցությամբ, միասնական հավատով, Հայրենիքը և Սփյուռքը կամրջելով է հնարավոր, եթէ ոչ լիովին, ապա բավականաչափ աջակցել դժվարին դրությունում հաստատված Մայր գաղութի զավակներին:

2016թ-ի. հուլիս ամսվա դրությամբ 251 սիրիահայերի համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկիր կեանք մը» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան: 221 սիրիահայեր արդեն տեղափոխվել և բնակություն են հաստատել Հայաստանում, իսկ 30 հոգին տեղափոխվելու են առաջիկա օրերին։ Ներկա պահին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում առկա են 600 խնդրագրեր՝ Հալեպից Հայաստան տեղափոխվելու աջակցություն ստանալու վերաբերյալ: