Ժիրայր Ճուպալյան. Հաջող կարիերայի առաջին քայլը

2019թ․ նոյեմբերի 4-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ, մեկնարկեց սիրիահայ ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկան:

Սիրով Ձեզ ենք ներկայացնում մեր առաջին մասնակից՝ սիրիահայ Ժիրայր Ճուպալյանին:

Ժիրայր Ճուպալյանը 24 տարեկան է, 2012թ. սիրիական պատերազմի պատճառով ընտանիքի հետ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան և այժմ ուսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի հինգերորդ կուրսում։ Ատամնատեխնիկական գործի հանդեպ հետաքրքրությունը սկսվել է Ատամնատեխնիկական քոլեջում սովորելու տարիներին, ինչն էլ ստիպել է նրան շարունակել ուսումը հենց այս մասնագիտությամբ:

Հարցին, թե ինչու դիմեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում իրականացվող ինթերնշիփային այս ծրագրին, Ժիրայրը նշում է. «Այս պրակտիկան ինձ հնարավորություն է տալիս ամրապնդելու մասնագիտական հմտություններս այս ոլորտում, կիրառելու տեսական գիտելիքներս գործնականում և հետևելու ատամնատեխնիկական կենտրոններում ամենօրյա աշխատանքային գործընթացներին»:

Ժիրայրը ցանկանում է առավելագույնս ամրապնդել տեսական ու գործնական գիտելիքները ստոմատոլոգիական ոլորտում, և այդ նպատակի իրագործման համար պլանավորում է շարունակել ուսումը Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ֆակուլտետում։

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի նպատակն է բարելավվել սիրիահայ երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում և հնարավորություն տալ՝ հասնելու իրենց աշխատանքային նպատակներին: