«Իհա՛րկե, ես ցանկանում եմ աշխատել ՀԱԼԵՊ ՀԿ-ում». Ռայա Յակուբ

Սկիզբը

-Կցանկանա՞ս կամավորություն անել «Հալեպ» ՀԿ-ում։

-Այո´, իհարկե, կցանկանամ, – պատասխանեցի ես «Դեպի Հայք»-ի հետ հարցազրույցիս ընթացքում։

Ես դիմել էի այս կազմակերպություն մի քանի ամսով կամավորություն անելու նպատակով և հարցազրույցի ընթացքում նրանք ինձ պատմեցին «Հալեպ» ՀԿ-ի մասին։

Ես ինքս փախստական էի՝ ընտանիքս ապաստան էր գտել Նիդեռլանդներում՝ Իրաքից տեղափոխվելուց հետո։ Ես միշտ ցանկացել եմ աշխատել փախստականների հետ։ Երբ  ստացա իրավաբանության բակալավրի կոչում, դիմեցի կամավորական աշխատանքի Նիդեռլանդներում՝ իմ բնակավայրից բավական հեռու։ Նրանք ցանկանում էին ինձ տալ աշխատանք, սակայն չէին կարողանալու վճարել մեքենայով կամ գնացքով աշխատանքի գնալու ծախսերը։ Դա ինձ համար բավական դժվար կլիներ, քանի որ ես՝ իբրև սկսնակ, չունեի որևէ եկամուտ։ Նրանք նախընտրեցին ավելի մոտ ապրող մեկին և փախստականների հետ աշխատելու իմ երազանքը չիրականացավ։ Շատ տարիներ անց ես դիմեցի «Դեպի Հայք» կազմակերպություն և նրանք հայտնեցին ինձ, որ Հայաստանում շատ սիրիահայ փախստականներ են ապրում։ Ես խոսում եմ արաբերեն, ինքս եղել եմ փախստական և ինձ դուր է գալիս աշխատել  հասարակական կազմակերպության հետ, որն օգնում է փախստականներին, այսպիսով՝ ընտրությունը շատ արագ եղավ։

Աշխատանքը

Սկզբում, ես գաղափար չունեի, թե որոնք են լինելու իմ հիմնական առաջադրանքները «Հալեպ» ՀԿ-ում, հատկապես այն պատճառով, որ դա այդքան էլ կարևոր չէր։ Ես պատրաստ եմ անել ցանկացած առաջադրանք, որի շնորհիվ կարող եմ սովորել կամ սովորածս փոխանցել մյուսներին։ Հենց առաջին օրը ես հասկացա, որ պետք է հոդվածներ պատրաստեմ Կազմակերպության կայքի համար։ Մինչ ես կգրեի իմ առաջին հոդվածը, իմ աշխատանքի նկարագրությունը փոխվեց դեպի սոցիալական մեդիա մենեջերի։ «Հալեպ» ՀԿ-ի կողմից հիմնադրված «Ալեպպո Քուիզին» կենտրոնը բավականին նոր էր և կարիք ուներ առավել մեծ ուշադրության Ֆեյսբուքում, Ինստագրամում և ԹրիփԸդվայսր-ում։ Ես կազմեցի սոցիալական մեդիայի ծրագիր և օր օրի սկսեցի ավելի շատ աշխատանքներ իրականացնել: Ես նաև իմ ներդրումն ունեցա Կազմակերպության կողմից պատրաստված տեսահոլովակներում՝ նախապատրաստելով սցենարը, ուղղություն տալով  օպերատորին և օգտակար լինելով մոնտաժի հարցերում։

Այն փաստը, որ ես աշխատում էի մի վայրում,որտեղ սիրիահայեր էին հավաքված, ինձ համար շատ հարմարավետ էր։ Ես կարող էի խոսել արաբերեն և, թվում էր, թե ես տանն եմ։ Հայերեն այդքան վարժ չեմ խոսում, քանի որ վերջերս եմ սկսել սովորել լեզուն՝ գրեթե 3 ամիս առաջ։ Սովորաբար ես խոսում եմ անգլերեն և այն պահին, երբ մարդիկ հասկանում են, որ ես նաև արաբերեն գիտեմ, մի մեծ ժպիտ է հայտնվում նրանց դեմքին, և նրանք ցանկանում են զրուցել ինձ հետ։

Երախտագիտություն

Ես հանդիպել եմ ամենաբարի և հաճելի գործընկերներին «Հալեպ» ՀԿ-ում։ Նրանք ինձ համար ավելի շատ դարձան ընկերներ, քան պարզապես գործընկերներ։ Ժամանակը շատ արագ անցավ։ Ես շատ ուրախ ու բախտավոր եմ, որ հանդիպեցի նրանց Հայաստանում գտնվելուս ժամանակ, քանի որ դա իմ աշխատանքային օրերը դարձրեց էլ ավելի հետաքրքիր։ Ես հույս ունեմ, որ իմ մասնակցությունը, թեև շատ քիչ, բայց օգտակար է եղել։

Ես կկարոտեմ բոլորիդ անչափ և հույս ունեմ շուտով ձեզ տեսնել կրկին։

Ռայա Յակուբ

 

Ռայա Յակուբը կամավորել է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում՝ շնորհիվ «Դեպի Հայք» հիմնադրամի հետ ունեցած համագործակցության։ Շնորհակալություն ենք հայտնում Ռայային՝ ակտիվ, նվիրված և հետաքրքիր աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա աշխատանքային գործունեության մեջ։