Ինթերն՝ Ռիթա Քեշիշյան
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական վճարովի պրակտիկայի հաջորդ մասնակիցն է Ռիթա Քեշիշյանը, ով իր պրակտիկան անցկացնում է “Business Angel Network of Armenia” ընկերությունում:
Ռիթան քսանմեկ տարեկան է, ով Սիրիայի Հալեպ քաղաքից առաջին անգամ հայրենիք է այցելել 2012 թվականին՝ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում՝ երկու շաբաթ հայրենիքում անցկացնելու և հասակակակից երիտասարդների հետ շփվելու նպատակով։ Ծրագրի ավարտին շատ չէր մնացել, երբ սիրիական հակամարտությունը նոր փուլ թևակոխեց՝ անհնարին դարձնելով Հալեպում խաղաղ կյանք շարունակելը, և Ռիթան այլևս չվերադարձավ Հալեպ, իսկ իր ընտանիքը որոշում կայացրեց տեղափոխվել Հայաստան:
Արդեն յոթ տարի է Ռիթան Հայաստանում է, 2019 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բիզնես Կառավարում» ֆակուլտետը: Ռիթայի խոսքերով համալսարանում անցկացրած յուրաքանչյուր դասաժամի արդյունքում նա շատ կարևոր հմտություններ է ձեռք բերել, որոնք կիրառելու հնարավորություն ստացավ “Business Angel Network of Armenia” ընկերությունում պրակտիկա անցնելու շնորհիվ, որտեղ նա ընդգրկված է ծրագրերի կառավարման աշխատանքներում:
«Համալսարանում տարբեր առարկաների շնորհիվ՝ շուկայի ուսումնասիրություն, հաշվապահություն, բիզնես վերլուծություն, կառավարում դասընթացներից ստացած գիտելիքներս մեծապես օգնում են՝ ինձ տրված հանձնարարությունները լավագույնս կատարելու մեջ»,- նշում է Ռիթան:
Պրակտիկա անցնելու առաջին իսկ օրվանից Ռիթան ջերմ վերաբերմունքի է արժանացել գործընկերների կողմից։ Ընկերությունում նա ներառված է «Ներուժ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում և մեծ ոգևորությամբ նշում է, որ ինքն ապահովում է ծրագրի շրջանակում հրավիրված խոսնակների և դասընթացավարների հետ հաղորդակցությունը, կատարում թարգմանություններ, ապահովում նրանց երթևեկության, օրակարգի և առօրյայի հետ կապված շատ այլ հարցեր։
«Անչափ ուրախ եմ «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից ընձեռված այս հնարավորության համար, քանի որ համալսարանը նոր ավարտած ուսանողների համար աշխատանք գտնելը դյուրին չէ, իսկ սիրիահայ երիտասարդների համար կազմակերպված այս ծրագիրը հաշվի է առնում յուրաքանչյուր երիտասարդի ունակությունները և ապահովում համապատասխան պրակտիկա»,- նշում է Ռիթան:
2019թ.նոյեմբերի 4-ից «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Ինթերնշիփային ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքներն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ և ծանոթանալ աշխատանքային միջավայրին: