Ինթերն Նանոր Աբէլեան՝ գրաֆիկ դիզայներ

Սիրով ձեզ ենք ներկայացնում «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական վճարովի պրակտիկայի հաջորդ մասնակից՝ Նանոր Աբէլեանին.

«Ողջույն, ես Նանորն եմ, 17 տարեկան, Սիրիայի Հալեպ քաղաքից։ Այժմ ապրում եմ Երևանում և սովորում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայն բաժնի երրորդ կուրսում։ Սիրում եմ արվեստն իր գեղեցկությամբ, բոլոր հետաքրքիր տեսություններով և, ինչու չէ, նաև իր բոլոր խնդիրներով և բարդություններով։ Ապագա մասնագիտության համար ընտրել եմ գրաֆիկ դիզայնը, իսկ թե ինչպես եմ ընտրել այն… ուղղակի մի պայծառ օր արթնացա ու որոշեցի, որ «դա այն է, ինչ ցանկանում եմ»:  Չմոռանամ նշել, որ ոգեշնչմանս մեջ իր զգալի դերն ունի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Բոլոր ուսանողների համար ինթերնշիփն ամենակարևոր բանն է` հեշտացնելու համար իրենց ապագա աշխատանքի ընդունելությունը, լինելու ավելի ինքնավստահ իրենց յուրաքանչյուր քայլի համար։ Ու այս հրաշալի հնարավորությունն ինձ ընձեռնեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա ծրագիր»-ը, ինչի համար անչաաա՜փ շնորհակալ եմ։ Երկու շաբաթից կլրանա իմ ինթերնշիփի երկամսյակը, որը մեծագույն հաճույքով անցնում եմ գունագեղ Դիջիլաբում։ Դիջիլաբը թվային մարքեթինգի ընկերություն է Հայաստանում, որտեղ իմ գործառույթն է Դիջիլաբի մի շարք գործընկերների սոցիալական ցանցերի հրապարակումների դիզայնը։

Ցանկացած սկսնակի մոտ միշտ լինում է մի վախ, երբ մտնում է ամբողջովին նոր միջավայր։ Նույնն էլ պատահեց ինձ հետ, սակայն իմ դեպքում այն տևեց 10 րոպե: Երբ առաջին անգամ մտա Դիջիլաբի գրասենյակ՝ տեսա դրական, ստեղծարար, գունավոր թիմ, զգացի ջերմ մթնոլորտ և ցանկություն ամեն կերպ աջակցելու նորեկին… բոլոր մտավախություններս մի անգամից հոդս ցնդեցին։

Իմ ապագա մասնագիտության յուրացումից զատ, ինթերնշիփն իմ մեջ ամրապնդում է երեք ամենակարևոր հատկանիշները, որոնք վերաբերվում են ոչ միայն դիզայներներին, այլ բոլոր նրանց, ովքեր նոր են մտնում աշխատանքային միջավայր, այն է՝ ինքնավստահություն, պատրաստակամություն և պատասխանատվության զգացում։ Ու այս ամենի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում «Հալեպ» ՀԿ-ին և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին՝ ինձ և այլ սիրիահայ երիտասարդների նման հնարավորություն ընձեռելու համար»։

2019թ.նոյեմբերի 4-ից «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Ինթերնշիփային ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքներն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ և ծանոթանալ աշխատանքային միջավայրին:

Կից կարող եք տեսնել պրակտիկայի ընթացքում Նանորի կողմից պատրաստված աշխատանքները…