Լռության մեջ ապրող երեխաներին լսողություն նվիրող կինը հյուրընկալվել էր «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում

2018-ի սեպտեմբերի 14-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) դասախոսությամբ հանդես եկավ Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) միջազգային ծրագրերի և բուժքույրերի որակավորման բաժնի տնօրեն, պրոֆեսոր Սալբի Ագարակյանը:

Որոշելով իր հայրենիքում օգնել այն մարդկանց, որոնց համար աշխարհը լուռ է, 2003 թվականին պրոֆեսոր Ագարակյանը UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյամանի և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հետ համատեղ Երևանում հիմնել է կոխլեար իմպլանտացիայի տարածաշրջանային կենտրոնը, որի նախաձեռնությամբ 2004 թվականից Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, վիրաբույժ Ակիրա Իշիյամանի և հայ մասնագետների մասնակցությամբ կատարվում է բացառիկ վիրահատություն` կոխլեար իմպլանտացիան:

Այս կենտրոնի շնորհիվ երկկողմանի ծանր լսողություն և խլություն ունեցող ավելի քան հարյուր տասնմեկ երեխաներ վիրահատվել են՝ անվճար ստանալով կոխլեառ կոչվող թանկարժեք իմպլանտը:

«Cochlear կորպորացիան, որն արտադրում է իմպլանտը, նրա շուկայական գինը սահմանել է 38 հազար ԱՄՆ դոլար, բայց մեզ հաջողվել է համաձայնություն ձեռք բերել կորպորացիայի հետ: Վերջինիս բարի կամքի շնորհիվ Հայաստանին իմպլանտը տրամադրվում է 16750 դոլար արժեքով», – նշում է պրոֆեսոր Ագարակյանը:

Դասախոսությունը, որը կազմակերպվել էր «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում՝ ներկաներին թույլ տվեց մանրամասնորեն ծանոթանալու կոխլեար իմպլանտացիայի տարածաշրջանային կենտրոնի գործունեությանը:

«Հայրս, ով սերում էր Խարբերդից, մեծ հայրենասեր էր: Նա սերմանել է իմ մեջ հայրենասիրություն ու բարություն: Նրա հայրենասիրությունն ինձ համար շարժիչ ուժ է: Ասում էր, որ գիտելիքն ամենամեծ զենքն է: Եվ այսօր, երբ ամեն ոք յուրովի է արտահայտում իր սերն առ Հայրենիք, ես էլ իմ հերթին գիտելիքներս եմ ծառայեցնում Հայրենիքի զարգացմանը», – նշում է պրոֆեսոր Ագարակյանը:

Վերջինիս կողմից հիմնված կոխլեար իմպլանտացիայի տարածաշրջանային կենտրոնի արդյունավետ գործունեությունը Հայաստանը տարածաշրջանում դարձրել է բացառիկ բարձր տեխնոլոգիական վիրահատություն իրականացնող երկրորդ երկիրը:

«Ես չեմ կարող փրկել ամբողջ աշխարհը, բայց կարող եմ այս աշխարհում օգնել մեկին: Եվ երբ տեսնում եմ, որ կա անելիք, ուրեմն սկսում եմ գործել. ամենակարևորը՝ սկսելն է», – նշում է պրոֆեսոր Ագարակյանը, ում ջանքերի շնորհիվ հավաքագրվում են թանկարժեք իմպլանտացիայի ձեռքբերման գումարները:

Պրոֆեսոր Ագարակյանի դասախոսությունը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում զուգադիպություն չէր, քանի որ նա դեռևս 2013 թվականին, երբ դրվում էին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնաքարերը, նա եղել է կազմակերպության հիմնադրմանը քաջալերող անձանցից մեկը:

«Ծնողներիս ինձ փոխանցել են հալեպահայերի արժեքները: Ամենից շատ գնահատում եմ սիրիահայ համայնքի մեջ եղած ազնվությունը: Եվ անկարող էի չկարևորել և չոգևորել  սիրիահայ համայնքի բարօրության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը Հայաստանում», – հայտնում է պրոֆեսոր Ագարակյանը։

Դասախոսության ավարտին սիրիահայերը ովքեր հնարավորություն ունեցան բացահայտել կոխլեար իմպլանտացիայի տարածաշրջանային կենտրոնի բարեսիրական գործունեությունը Հայաստանում, իրենց հուզող հարցերն ուղղեցին պրոֆեսոր Ագարակյանին:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։
Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ
, ժամը՝ 16։00-ին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։
Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։