Կայացավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ամենամյա նախատոնական բարեգործական ընթրիքը

2017թ-ի դեկտեմբերի 15-ին կայացավ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի) ամենամյա նախատոնական բարեգործական ընթրիքը, որին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին անհատներ, ովքեր տարիներ շարունակ իրենց աջակցությունն ու հավատն են ընծայում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մարդասիրական գործունեությանը՝ ուղղված սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի բարօրության ապահովման։

Ամենամյա բարեգործական ընթրիքին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ողջույնի խոսքը ներկայացրեց կազմակերպության հիմնադիր մարմնի անդամ Ռիտա Կարագուլյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին անցնող տարում կազմակերպության գործունեությանն աջակցություն ցուցաբերելու համար։

Բարեգործական ընթրիքը զուգորդվեց կազմակերպության տիկնանց հանձնաժողովի կողմից կազմակերպված տարատեսակ հետաքրքաշարժ խաղերով և նվերների հանձմամբ։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի շարունակական գործունեության իրականացման գործում կենսական դեր ունեն անհատ բարերարներն ու կառույցները։ Այս բարեգործական ընթրիքին նույնպես իրենց անքակտելի վստահությունը հայտնեցին կազմակերպությանը մի շարք հայորդիներ՝ կատարելով նվիրատվություններ ի նպաստ կազմակերպության «Տաքուկ Ամանոր» ծրագրի իրականացմանը։ Վերջինիս նպատակն է տրամադրել սննդի փաթեթներ Հայաստանում գտնվող կարիքավոր սիրիահայ ընտանիքներին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր բարերարներին, ովքեր իրենց ուրույն ներդրումն ունենալով կազմակերպության բարեգործական ծրագրերին՝ նպաստում են Հայաստանում գտնվող սիրիահայ համայնքի բարօրությանը։