Կայացավ «Վերապրում» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը

Ս/թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Վերապրում» ֆիլմի առաջին ցուցադրությունը Նարեկացի արվեստի միությունում:

Ֆիլմի ռեժիսորն է Մարինե Ասատրյանը, իսկ ֆիլմը նկարահանվել է «Միհրան և Անի Պալխեան» մշակութային հիմնադրամի (Սիրիա) հովանավորությամբ և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի աջակցությամբ:

Ֆիլմը հանդիսատեսին «տվեց» հուշերի մի կծիկ, որը սկիզբ առավ 1915թ-ի եղեռական օրերից, Դեր Զորով հասավ Հալեպ, գտավ հանգրվան, սակայն 100 տարի անց բռնեց տարագրության նոր ճանապարհ, որի հասցեն դարձավ Հայաստանը:

Ֆիլմում չկան դերասաններ, միայն վերապրողներ են: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2010 թվականին, իսկ 2015 թվականին Հայաստանում նկարահանվել է ֆիլմի շարունակությունը: Ֆիլմում օգտագործվել են արխիվային կադրեր:

Ֆիլմի պրեմիերան մեկարկեց ֆիլմի ռեժիսոր Մարինե Ասատրյան ողջույնի խոսքով, ով իր սրտի խոսքը հղեց հանդիսատեսին: «Ֆիլմը չէր կայանա, եթե չլինեին ցեղասպանությունը վերապրած մեր նախնիները, եթե չլինեին նրանց սերունդները, ովքեր նկարահանվել են ֆիլմում, և ովքեր այսօր մեզ հետ են: Մենք կատարել ենք մի փոքրիկ աշխատանք՝ մեր մտքի, հոգու պարտքը տալով մեր պապերին, տատերին, սուրբ նահատակներին, ովքեր մեզ հզորացնում են: Շնորհակալ եմ բոլորին: Թող «Վերապրումը» և այդ ֆիլմում հնչող պայծառ երազանքները զարդարեն Հալեպում 4 տարի անց զարդարված տոնածառը»,-ասաց ռեժիսոր Մարինե Ասատրյանը:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ «Միհրան և Անի Պալխեան» մշակութային հիմնադրամի (Սիրիա) գործադիր տնօրեն և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը: Իր խոսքում տիկին Բալխյանը նշեց՝ «Կա կծիկ, հուշերից ծնված, իր մեջ կենսատու երակ կրող, ցավն ու տառապանքն արարող ուժի վերածող,անզգային գիտակցությամբ թաթախված ու նորովի վերընձյուղված։ Այն այսօր բացվելու է ու ևս մեկ անգամ բարձրաձայնելու է անհերքելին․մենք կանգուն են մեր լեռների պես, հազար ցավով ու տագնապով անցած, բայց երբեք չվհատված»։

Ֆիլմի պրեմիերային ներկա էին ֆիլմում նկարահանված վերապրողներն ու նրանց սերունդները, ինչպես նաև անվանի հյուրեր:

Պրեմիերայի ավարտին իրենց տպավորություններով կիսվեցին դահլիճում ներկա գտնվողները: Իսկ օսմանագետ Գայանե Նալբանդյանը այսպես արտահայտվեց ֆիլմի մասին՝ «Այս ֆիլմի մեջ պատահականություններ չկան. յուրաքանչյուր պատկեր մի բան է խորհրդանշում, իսկ երաժշտությունը, գալով, միանալով պատկերներին, կատարելագործում է ամեն բան: Այստեղ ո՛չ դերասաններ կան, ո՛չ գլխավոր հերոսներ, այստեղ միայն ցեղասպանություն վերապրածներն ու նրանց հետնորդներն են, նաև 100 տարվա մեջ կրկնված պատմական անցքերը: Այս ֆիլմն իրականության մեջ հայ ազգի՝ ցեղասպանությունը կրկնակի վերապրելու պատմությունն է: Ֆիլմի նպատակը ցեղասպանության ողբերգական ցավոտ ու տխուր երեսը ներկայացնելը չէ, ընդհակառակը՝ այն հայ ժողովրդի կյանքի, կամքի և ուժի լավագույն դրսևորումն է»:

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն իր երախտիքի խոսքն է հղում ֆիլմի կյանքի կոչման գործում իրենց ջանքն ու եռանդը խնայած անձանց և կառույցներին:

«Միհրան և Անի Պալխեան» մշակութային հիմնադրամի (Սիրիա) գործադիր տնօրեն և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանի ողջույնի խոսքը՝

«Մեծայարգ հիւրեր, Սիրելի ներկաներ,

«Միհրան եւ Անի Պալխեան մշակութային հիմնադրամի և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպութեան անունով (ստեղծուած Սուրիոյ  մէջ) շնորհակալութիւն կուզեմ յայտնիլ, որ ձեր ներկայութեամբ պատուած եք «Վերապրում» ֆիլմի անդրանիկ ցուցադրութիւնը։

6 տարիներ առաջ, 2010  թուականին, երբ զարկ տրուեցաւ  ֆիլմի առաջին նկարահանումներուն, երբէք չէինք պատկերացներ, որ ճակատագիրը իւրովի կրկնուելով, պիտի վերաիմաստաւորուի ֆիլմի առանցքը հանդիսացող վերապրումի գաղափարը, որը այսքան կենդանանալով, պատճառ պիտի հանդիսանար, սեփական մաշկի վրայ զգալու մեր մեծերուն ապրումները, յոյզերը ու խեղդող կարօտը։

Երբէք չէինք մտածած, որ «Վերապրում» ֆիլմի վերյուշերը, սկիզբ պիտի առնին նաեւ նոր սերունդէն , եւ որ Տէր Զօրի մէջ անգամ մը եւս պիտի քանդուին հայ ժողովուրդի մաքառման ոգիի ու գոյատեւման վերյուշի կոթողները, ու 2012 թուականին հասնելով Հալէպ , հայկական թաղամասեր , մտնելով հայկական օճախներ, պիտի ստիպեն որ անգամ մը եւս հայ ժողովուրդի զավակները, իրենց կրծքին սեղմելով հայոց մատենագրութեան փրկուած նմուշներ , ու 1915-ի եղեռնէն կեանքի գնով պահուած ու սերունդէ սերունդ փոխանցուած նիւթեղէն  յուշեր, բռնեն տարագրութեան ճանապարհը ։

Դառն է համը տարագրութեան, ինչպէս որ դառն են անոր հետ կապուած յիշողութիւնները, բայց որքան ալ դառն ըլլան անոնք, մեր մէջ ապրելու ուժ կուտան ու գոյապայքարը շարունակելու անկոտրում կամք եւ հաւատք։

«Վերապրում» ֆիլմը պատմութիւն է կեանքի մը, աւելի ճիշդը կեանքերու․ չկան դիրասաններ,կան վերապրողներ, ծնած 20 ու 21-րդ դարերու խաչմերուկին։ Կայ կծիկ ծնած յուշերէ, որը իր մէջ ունի կենսատու երակ մը, ցաւն ու տառապանքը, արարող ուժի  վերածող, ազգային գիտակցութեամբ թաթախուած ու վերընձիւղուած։

Այդ կծիկը այսօր բացուելով անգամ մը եւս պիտի բարձրաձայնէ անհերքելին․․․

Շնորհակալութիւն  բոլորիդ ներկայութեան համար»։

15675972_1223070204394880_2339129435642612765_o 15625942_1223070197728214_816004877647457869_o15676143_1223071304394770_620638452716040122_o 15676415_1223070861061481_1673995210443327918_o 15626054_1223070391061528_8121712292334318595_o 15585064_1223070644394836_838560299371726374_o-1 15676105_1223071041061463_185965485426240645_o15591245_1223071257728108_7643237443800641145_o 15658899_10202377458235352_1116866413_o