Կինոդիտում «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում

2019թ․ սեպտեմբերի 27-ին «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («Հալեպ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր կինոդիտում՝ 50 սիրիահայ կանանց մասնակցությամբ։ Հանդիպման սկզբում «Հալեպ» ՀԿ-ի հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց հայ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի և Վէմ մեդիա արվեստներ (Vem Media Arts) ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» ֆիլմը, որը շուտով մեծ ոգևորությամբ դիտեցին ներկաները։ Ֆիլմի սցենարիստը և պրոդյուսերը Տեր Մեսրոպ քահանա Արամյանն է։

Ֆիլմը ներկայացնում է հայ ժողովրդի դերն ու ներդրումը մարդկության պատմության մեջ, քրիստոնեության առաքելության և Սուրբ հողի վրա հայերի ներկայության մասին, ուստի հուզեց ներկաներից յուրաքանչյուրին։

Կինոդիտումից հետո «Հալեպ» ՀԿ հիմնադիր նախագահ Անի Բալխյանը ներկաներին ցուցադրեց Հռիփսիմե Թերզյանի կողմից պատրաստված՝ «Հալեպ» ՀԿ-ի պատկերանշանը կրող ձեռային աշխատանքը, որն այժմ զարդարում է «Հալեպ» կազմակերպության գրասենյակը։ Տիկին Բալխյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց տիկին Թերզյանին գեղեցիկ նվերի համար և վերջինիս հանձնեց շնորհակալական նամակ «Հալեպ» ՀԿ-ի անունից։

Հաջորդիվ ներկաներին բաշխվեցին Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 2 ներկայացումների անվճար տոմսեր, ինչի համար ծրագրի անդամները կրկին հայտնեցին իրենց խորին շնորհակալությունը թատրոնի տնօրինությանը։

Հետաքրքիր և բովանդակալից հանդիպումն ավարտվեց բարերար Մարալ Քարաքաշյանի կողմից կազմակերպված հյուրասիրությամբ:

«ՀԱԼԷՊ» ՀԿի «Սոցիալհոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքին։

 Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալհոգեբանական  վերականգնմանը։