Կրթաթոշակային և ինթերնշիփային հնարավորությունները Հայաստանում. Հանդիպում սիրիահայ ուսանողների հետ

 

2019թ. սեպտեմբերի 26-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում կայացավ հանդիպում՝ Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների հետ: Հանդիպման նպատակը սիրիահայ ուսանողությանը կրթաթոշակային հնարավորություններին ծանոթացնելն էր: Ներկայացվեցին այն կառույցները, որոնք կրթաթոշակներ են տրամադրում սիրիահայերին և բարձր առաջադիմությամբ ու միևնույն ժամանակ սոցիալապես անապահով վիճակում գտնվող ուսանողներին:

Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան կառույցներին, կիսվեցին կրթաթոշակային ծրագրերի դիմելու իրենց փորձով և փոխանակվեցին հավելյալ տեղեկություններով:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում կազմակերպվող ինթերնշիփային ծրագիրը՝ նախատեսված սիրիահայ ուսանողների և շրջանավարտների համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր չունեն կամ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ, անցնել 2-ամսյա վճարովի մասնագիտական պրակտիկա՝ Հայաստանի առաջատար ընկերություններում և կազմակերպություններում, որը հնարավորություն է տալու երիտասարդներին ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկային՝ արդեն ունենալով մասնագիտական փորձ:

Միջոցառման ավարտին ներկաները համտեսեցին նաև՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Ալեպպո Քուիզին» կենտրոնի ուտեստները, որի ընթացքում էլ շարունակվեց քննարկումը՝ հարցուպատասխանի տեսքով առավել ջերմ մթնոլորտում:

Սեմինար-հանդիպումը կազմակերպվել էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից՝ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ:Ծրագրի անբաժան մասն են կազմում Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներն ու մասնագիտական հմտությունների բարելավումը, որոնց շնորհիվ ապահովվում է նրանց կապը հայաստանյան աշխատաշուկայի հետ: