«ՀԱԼԵՊ» ՀԿ-ը միացավ TEDxKakumaCamp-ին՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով տեղահանված անձանց արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը

2018 թվականի հունիսի 9-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) միացավ պատմության մեջ առաջին անգամ փախստականների ճամբարում կազմակերպվող TEDx-ի միջոցառմանը և Հայաստանում կազմակերպեց TEDxKakumaCamp-ի հեռարձակումն իր հարկի տակ:

Ընդառաջ գնալով հունիսի 20-ին նշվող Փախստականների միջազգային օրվան՝ TEDxKakumaCamp-ը կազմակերպվեց Քենիայում գտնվող Կակումա փախստականների ճամբարում, որը համարվում է ավելի քան 60000 տեղահանված անձանց ապաստանը, և դարձավ հարթակ ճամբարի ներկա և նախկին բնակիչների, միջազգային փորձագետների և արվեստագետների համար, ովքեր իրենց փորձից ստացված դասերը կիսեցին համայն աշխարհի հետ և բարձրաձայնեցին տեղահանված անձանց հավասար ու անօտարելի իրավունքների մասին:

Իր ձայնը միացնելով հազարավոր տեղահանված անձանց խնդիրները բարձրացնող կառույցների ձայնին և կազմակերպելով TEDxKakumaCamp-ի հեռարձակումը՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը նպատակ ուներ բարձրաձայնելու, որ ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ Հայաստանում հակամարտությունների պատճառով ապաստան գտած տեղահանված անձիք շարունակում են առևերեսվել կենցաղային խնդիրների, որոնք խաթարում են փախստականի՝ որպես անհատի արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հարկի ներքո կազմակերպված հեռարձակմանն իրենց մասնակցությունը բերեցին սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստան գտած անձիք:

«Մեր ձայնը միացնելով համայն մարդկության ձայնին, կանգնելով պատերազմների միջով անձանց կողքին, վերհանելով խաղաղության գաղափարը՝ այսօր մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել մարդ էակի ապահովության ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը: Ինչպես նաև վերահաստատում ենք «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի պատրաստակամությունը՝ կանգնելու տեղահանված անձանց կողքին և օգնելու նրանց ունենալ ապահով ու բարեկեցիկ ապագա Հայաստանում», – նշեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի փոխնախագահ Հայասա Թահմազյանը:

Իրենց ողջույնի խոսքը հեռարձակման մասնակիցներին հղեցին նաև ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը և ՀՀ-ում փասխտականների շահերը ներկայացնող կառույցներից «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի ներկայացուցիչները:

Տիկին Հայրապետյանը ընդգծեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի՝ միջոցառմանը միանալու կարևորությունը՝ նշելով, որ այս քայլով Հայաստանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում տեղահանված անձանց խնդիրների բարձրացմանը և վերհանմանը:

Իր հերթին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի վարչության անդամ Սոֆյա Ներսիսյանը ողջունելով հեռարձակումը կազմակերպելու նախաձեռնությունը՝ կարևորեց համատեղ ջանքերով ծանր դրությունում հայտնված և Հայաստանում ապաստան գտած անձանց բարօրության ապահովումը:

Հեռարձակման ընդմիջման ընթացքում կազմակերպվեց նաև քննարկում, որը վարեց մարդու իրավունքների գիտակ, աշխարհի տարբեր անկյուններում տեղահանված անձանց խնդիրները տարիներ շարունակ վեր հանող և Կակումա ճամբարում աշխատանքային գործունեություն ծավալած Նատաշա Հոլը, ով ներկաներին ներկայացրեց Կակումա ճամբարում գտնվող անձանց դրությունը և փորձեց զուգահեռներ տանել Կակումա ճամբարում գտնվող և սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի խնդիրների շուրջ:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը հանդիսանում է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայերին աջակցություն ցուցաբերող առաջնային կառույցներից: Այն տրամադրում է մարդասիրական օգնություն, մշակում և իրականացում է տևական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում գտնվող սիրիահայերի խնդիրների՝ բնակարանային և զբաղվածության խնդիրների լուծմանը։ Կազմակերպության գործունեությունը նաև նպաստում է սիրիահայերի սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացմանը Հայաստանում։