«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի բարեգործական ճաշը՝ նվիրված Միջինքին

2019 թ-ի մարտի 27-ին կայացավ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ-ի) բարեգործական միջոցառումը՝ նվիրված Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Մեծ պահքի 24-րդ օրվան՝ Միջինքին․ այն նշանակում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին:

Բարեգործական միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին անձիք, ովքեր տարիներ շարունակ իրենց աջակցությունն ու հավատն են ընծայում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի մարդասիրական գործունեությանը՝ ուղղված սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի բարօրության ապահովման։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց ընկերային խմբի անդամ Զեփյուռ Բալաբանյանը՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր իրենց ուրույն ներդրումն ունենալով կազմակերպության բարեգործական ծրագրերին, նպաստում են Հայաստանում գտնվող սիրիահայ համայնքի բարօրությանը։

Ժողովրդական ավանդության համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկինները բաղարջից գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում և բաժանում տան բոլոր անդամներին։ Ում բաժին է հասնում մետաղադրամը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում, իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է:

Միջոցառման մասնակիցներին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի տիկնանց հանձնաժողովի կողմից մատուցվեց նաև անակնկալ՝ տարատեսակ հետաքրքաշարժ խաղերով և գեղեցիկ նվերների հանձմամբ։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ճնենե ռեստորանի ղեկավարությանը՝ հանձին Զարեհ Աֆրամին և Կարո Պողոսյանին բարեգործական միջոցառման կազմակերպմանը աջակցություն ցուցաբերելու համար։

Բարեգործական միջոցառման շահույթը ծառայելու է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովմանը՝ նպաստելով Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի բարօրությունն ապահովող ծրագրերին: