«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ձեռարվեստի հանձնախմբի մասնակցությունը «Ստեղծում ենք միասին» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին

2019թ․ հունիսի 22-ին և 23-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) ձեռարվեստի հանձնախումբը մասնակցեց Երևանում՝ Հյուսիսային պողոտայում մեկնարկած «Ստեղծում ենք միասին» երկօրյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին` նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Ձեռարվեստի հանձնախումբը ցուցահանդես-տոնավաճառին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ասեղնագործությամբ զարդարված գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ և տարատեսակ զարդեր, որոնք առանձնանում են իրենց յուրօրինակ ոճով։

Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպման նպատակն է` խթանել սիրիահայերի և տեղացիների տնտեսական զարգացումը և նպաստել սոցիալ-մշակութային ինտեգրմանը:

«Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, Կարիտաս Ավստրիայի և Կարիտաս Լիբանանի համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ նպաստել ապաստան հայցողների, փախստականների և փախստականի իրավիճակում հայտնված անձանց՝ մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանում և Լիբանանում՝ պաշտպանելով, հարգելով և խթանելով մարդու իրավունքները:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին համագործակցության և աջակցության համար։