«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր ջերմագին շնորհավորանքներն է հղում Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Լինելով ՀՀ-ում գտնվող տեղահանված սիրիահայ համայնքին աջակցություն ցուցաբերող առաջնային կառույցներից՝ ցանկանում ենք հայտնել մեր պատրաստակամությունն աշխատելու Ձեր առաջնորդությամբ ձևավորված նոր կառավարության հետ:

Հիմնադրվելով 2013 թվականին Հայաստանում սիրիահայ կանանց կողմից՝  «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը դարձել է յուրատիպ համագործակցության օղակ Հայաստանի համար՝ ծառայեցնելով սփյուռքի և միջազգային կառույցների ներուժը և միջոցները սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստան գտած կարիքավոր սիրիահայ համայնքի բարօրության ապահովմանը:

Արդյունքում 6100 սիրիահայերի տրամադրվել է մարդասիրական օգնություն, 468 սիրիահայի` մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս դեպի Հայաստան, 15 ընտանիք ունի առանց վարձավճարի բնակարան, տասնյակ ընտանիքներ ստանում են ամսական ֆինանսական օգնություն, գործում է  հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի համար միակ ներառական կրթության կենտրոնը և գործարկվում է Հայաստանում կարիքավոր սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանն ուղղված առաջին սոցիալական ձեռնարկատիրական ծրագիրը, որը ոչ միայն մեծածավալ է իր ֆինանսական ներգրավածությամբ, այլև գաղափարախոսությամբ:

Մենք ուրախ ենք, որ գործում ենք Հայաստանում և մեր ներուժը ծառայեցնում ենք Մայր գաղութի զավակների կայացմանը Հայրենիքում:

Այս կարճ տարիների ճանապարհին մշտապես գտնվելով առավել խոցելի դրությունում գտնվող սիրիահայերի կողքին՝ վեր ենք հանել Հայաստանում ապաստան գտած սիրիահայ համայնքի առաջնային և հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները և հնարավորությունների սահմաններում մասնակցել ենք այդ խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունների մշակմանը:

Այսօր տեսնելով Ձեր անկոտրում ոգին, որը բռունցքել է հայ ժողովրդին, ստիպում է մեզ տեսնել լույս այն ճանապարհներին, որոնցում խավարի մեջ են մնացել այն իրատեսական հնարավորությունները, որոնք կենսական դերակատարում կարող են ունենալ սիրիահայերի առաջնային խնդիրների լուծման գործում:

Նկատի ունենալով վերոհիշյալը և կարևորելով նոր կառավարության պատրաստակամությունը սերտորեն աշխատելու քաղաքացիական հասարակության հետ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր մարմինը խնդրում է հանդիպման հնարավորություն ընձեռել կազմակերպության ներկայացուցիչներին՝ առավել մանրամասն ներկայացնելու սիրիահայ համայնքի դրությունը Հայաստանում և լսելի դարձնելու այն լուծումները, որոնք ոչ միայն ծառայելու են հարթակ պետություն և քաղաքացիական հասարակություն ակտիվ համագործակցության համար, այլև բարելավելով սիրիահայերի սոցիալական դրությունը՝ դառնալու են Հայաստանում հաստատվելու և բարեկեցիկ ապագա կառուցելու գրավական:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ Հայաստանի հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, ուժ ու կորով և բեղմնավոր աշխատանքային ուղի Ձեր հայրենաշեն գործունեությունում:

Լիահույս ենք, որ ուշադրություն դարձնելով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեությունը՝ կընդառաջեք մեր խնդրագրին:

Հարգանքով՝

Անի Բալխեան

Հիմնադիր նախագահ

«ՀԱԼԵՊ» ՀԿ