«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին

2018 թվականի հունիսի 21-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի ներկայացուցիչներին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալեց նորանշանակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Հանդիպումը հետևել էր «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրությանը, որում կազմակերպության խորհուրդը շնորհավորելով պրն․ Հայրապետյանին Սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ցանկություն էր հայտնել հանդիպել և առավել մանրամասն ներկայացնել ոչ միայն կազմակերպության գործունեությունը, այլև այն խնդիրները, որոնք հուզում են սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերին և խոչընդոտ հանդիսանում նրանց բարօրության ապահովմանը Մայր Հայրենիքում։

«Մեր գործունեության չորս ու կես տարիներին վեր հանելով Հայաստանում ապաստան գտած սիրիահայ համայնքի առաջնային և հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները և հնարավորությունների սահմաններում մասնակցելով այդ խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունների մշակմանը՝ մենք այսօր տեսնում ենք նոր հնարավորություն պետություն և քաղաքացիական հասարակություն ակտիվ համագործակցության համար։ Հետևաբար, հանդիպելով Սփյուռքի նորանշանակ նախարար պարոն Հայրապետյանին մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք սերտորեն համագործակցելու Սփյուռքի նախարարության նոր աշխատակազմի հետ՝ ի շահ սիրիահայերի խնդիրների լուծման Հայաստանում», – նշում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը։

Հանդիպման ընթացքում պրն․ Հայրապետյանին ներկայացվեց նաև «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից մշակված նոր բնակարանային ծրագիրը, որը նպատակ ունի ընդարձակել պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը և ցուցաբերելով նոր մոտեցում մինչ այժմ առաջարկված լուծումներին՝ առաջադրել երկարատև լուծում սիրիահայ համայնքի առաջնային խնդիրներից՝ բնակարանային խնդրի համար։

Իր հերթին պրն․ Հայրապետյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ՝ ի նպաստ սիրիահայերի առջև ծառացած խնդիրներ լուծման:

«Մեզ ոգևորում է նորանշանակ նախարարի ավյունով լեցուն նախաձեռնողականությունը և հաստատակամությունը, որոնք վստահաբար ծառայելու են ի շահ նորանոր ազգաշեն նախաձեռնությունների իրականացման։»- նշում է տիկին Բալխյանը։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր գործունեության առանցքում ունենալով բարեգործությունը՝ սիրիական համակարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերին տրամադրում է մարդասիրական օգնություն, մշակում և իրականացում է տևական ծրագրեր՝ ի նպաստ սիրիահայերի կենսական կարիքների ապահովմանը։ Կազմակերպության գործունեությունը նաև նպաստում է սիրիահայերի  սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացմանը Հայաստանում։

2013 թվականի հոկտեմբերից ի վեր շուրջ 6100 սիրիահայ օժանդակություն է ստացել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ից։