«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցեցին ՀՀ ԱԺ-ում կայացած համաժողովին՝ նվիրված փախստականների միջազգային օրվան

2019թ․ հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կայացավ  փախստականների միջազգային օրվան նվիրված հանդիպում-քննարկում «Փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները»  թեմայով՝ ՄԱԿ-ի  Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Կարին Օստի,  ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության և քաղաքացիական հասարակության, պատգամավորների, Կառավարության և մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) հիմնադիր նախագահ Անի Բալխյանը բարձրաձայնեց Հայաստանում սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը, իսկ Կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը անդրադարձավ սիրիահայերի աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերին։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ներկայացուցիչները վեր հանեցին մի շարք առաջարկներ՝ ուղղված սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծմանը, մասնավորապես այն հարցին, թե ինչպես կարող են սիրիահայերը մատչելի պայմաններով բնակարանային վարկեր վերցնել։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են սոցիալական, բնակապահովման, թոշակների հաշվարկման, արտոնյալ հիփոթեքային վարկերի տրամադրման խնդիրները, մշակութային, կրթական ինտեգրման, երեխաների ներառման դժվարությունների ու խտրական վերաբերմունքի դեպքերը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման՝ դեռևս լուծում չստացած հարցերը, այս ոլորտում սիրիահայերի և իրաքահայերի համար համալիր ռազմավարության և ծրագրերի իրականացումը։