«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և IDeA հիմնադրամի համագործակցությունը՝ ի նպաստ տեղահանված անձանց կենսական կարիքները հոգալուն

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ) և Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ (IDeA) բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած առավել խոցելի ութ ընտանիքի տրամադրվելու է ֆինանսական օգնություն շուրջ վեց ամիս։

2015թ-ի ապրիլ ամսից «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իրականացնում է «Որդեգրէ ընտանիք մը» մարդասիրական ծրագիրը, որի նպատակն է ապահովել կարիքավոր սիրիահայերի արժանապատիվ կյանքը՝ տրամադրելով ամենամսյա ֆինանսական օգնություն կենսական խնդիրներին դիմագրավելու, մասնավորապես սննդի և կոմունալ ծախսերը հոգալու համար:

«Որդեգրէ ընտանիք մը» ծրագրում ներառված են ծանր դրությունում գտնվող այն սիրիահայ ընտանիքները, որոնց անդամները հատուկ կարիքներ և առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով հայտնվել են անաշխատունակության գոտում և չունեն եկամուտի աղբյուր։ Լիահույս ենք, որ իրականացնելով այս ծրագիրը՝ կարողանում ենք փոքր-ինչ մեղմացնել ընտանիքների կենցաղային հոգսերը և աջակցել նրանց՝ պարզ, բայց մինևնույն ժամանակ էական խնդիրներին լուծումներ տալու հարցում»,- հայտնում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը։

Ծանոթանալով ծրագրում ներգրաված խոցելի ընտանիքների դրությանը՝ անհատ բարերարները և դոնոր կառույցը ցուցաբերում են ամենամսյա ֆինանսական աջակցություն «Որդեգրէ ընտանիք մը» ծրագրում ներառված ընտանիքներին։

Ծրագիրը բևեռվում է նաև բազմանդամ, ինչպես նաև միայնակ և անչափահաս երեխաներ ունեցող անաշխատունակ ծնողներին օգնություն տրամադրելու վրա։

«Ծրագիրը երեք տարիների ընթացքում իրականացվել է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող անհատ բարերարների աջակցությամբ։ Որպես ծրագրի աջակից կառույց IDeA հիմնադրամն առաջինն է, որը կարևորելով տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի իրավունքը միանում է «Որդեգրէ ընտանիք մը» ծրագրին, բռնում կարիքավոր անձանց ձեռքը և օգնում նրանց դիմագրավել կենսական խնդիրներին», – նշում է տիկին Բալխյանը։

«Որդեգրէ ընտանիք մը» մարդասիրական ծրագիրը հասնում է սիրիական հակամարտության թոհուբոհի միջով անցած, ոչ միայն նյութական, այլև մարդկային կորուստներ կրած ու չքավորության գոտում գտնվող անձանց, կանգնում նրանց կողքին և օգնում տարրական կենցաղային հոգսերը լուծելու հարցում։ Դուք նույնպես կարող եք միանալ այս մարդասիրական ծրագրին որպես բարերար և աջակցել ծրագրում ներառված ընտանիքներին՝ կատարելով առցանց նվիրատվություն։